ՀՀ քննչական կոմիտեն բացահայտել է, թե Արմավիրում քաղաքացիներն ումից են ձեռք բերել թունավորման պատճառ դարձած օղին:
«ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում շարունակվում է Արմավիր քաղաքի բնակիչների թունավորման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Պարզվել է, որ Արմավիր քաղաքի մի շարք բնակիչներ ձեռք են բերել անհայտ ծագման, սպառողների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ալկոհոլային խմիչք, որի գործածման հետևանքով թունավորվել են: 7 անձ մահացել է, ևս 3 անձ գտնվում է ծանր վիճակում:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ իրացնելու կասկածանքով ձերբակալվել է Արմավիր քաղաքի բնակիչ Աշոտ Լենդրուշի Հովսեփյանը՝ ծնված 1970 թ.:
Օպերատիվ միջոցառումներ են ձեռնարկվում՝ քաղաքացիների կողմից ձեռք բերված ևս 30 լիտր ալկոհոլային խմիչքը հայտնաբերելու, ինչպես նաև՝ բոլոր գնորդների ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Բոլոր այն քաղաքացիներին, որոնք ալկոհոլային խմիչք են գնել վերոնշյալ անձից, հորդորում ենք չօգտագործել այն և դիմել ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն»,- հայտնում են ՔԿ-ից: