Ոստիկանությունը տեղեկություններ են ստացվել, որ ԻԻՀ երկու քաղաքացի, եվրոպական պետություններ տեղափոխելու պատրվակով, խաբեությամբ հավաքագրել և Իրանից Հայաստան են տեղափոխել Իրանի շուրջ 50 քաղաքացու։ Նրանց դիմավորել են հանցավոր խմբի մյուս անդամները, որոնք Հայաստանի քաղաքացիներ են։ Վերջիններս այդ անձանց վստահություն ներշնչելու համար ներկայացել են իրավապահ և դիվանագիտական ոլորտների աշխատակիցներ։
Նրանք Հայաստան տեղափոխված անձանց նպատակակետ երկրներ ուղարկելու համար պահանջել և ստացել են, նախնական տվյալներով՝ շուրջ 300 հազար դոլար։ Այնուհետև Իրանի քաղաքացիների մի մասին տեղափոխել են Թուրքիա և Վրաստան` խոստանալով այդ երկրներում գտնվող դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով ուղարկել եվրոպական երկրներ:
Չկատարելով իրենց խոստումը՝ Իրանի քաղաքացիներին կրկին տեղափոխել են Հայաստան, վերցրել նրանց անձնագրերը և մինչ օրս տարբեր պատրվակներով հետաձգում են մեկնելու գործընթացը:
ՔՈԳՎ և Կենտրոնական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է Իրանի քաղաքացիներից մի քանիսի ինքնությունը։ Նրանք հրավիրվել են ոստիկանության Կենտրոնականի բաժին ու հաղորդումներ տվել:
Հայտնաբերվել են նաև հանցավոր խմբի անդամները, որոնք ձերբակալվել են։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել է վերցված անձնագրերի մի մասը։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն։