Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Պռոշյան կոնյակի գործարանում» հրդեհ է տեղի ունեցել, որին նախորդել էր պայթյուն:
Լրագրողների հետ զրույցում գործարանի հիմնադիր-սեփականատեր Արմեն Գասպարյանը տեղեկացրեց, որ մանրամասն չգիտեն պայթյունի պատճառի մասին:
«Գիտենք, որ հրդեհ է եղել, կորուստներ ունենք մարդկային: Այստեղ շինարարական աշխատանքներ է կատարել «Արեն Առաքելյան» ԱՁ-ն: Ըստ երևույթին, զոդումից պայթյուն է եղել»,- հայտնեց Գասպարյանը՝ նշելով, որ քննությունը ցույց կտա, թե որն է եղել պայթյունի պատճառը:
Նրա խոսքով՝ գործարանում այդ ժամանակ եղել է մոտ 200 աշխատակից:
«Մասնաճյուղի տնօրենն է մահացել, մահացել է նաև Արենը, որը զոդման աշխատանքներ կատարող ձեռնարկության տնօրենն էր»,- հայտնեց Գասպարյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ վիրավորները տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն, և այս պահին գործարանը չի աշխատում:
«Գործարանը հոսանքազրկել ենք: Մեծ թափով մթերում էր գնում, խաղողը տեղափոխել ենք մեր մյուս մասնաճյուղ, որպեսզի չփչանա»,- հայտնեց նա:
Հիշեցնենք՝ պատահարի հետևանքով երկու մարդ մահացել է, չորս մարդ տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: