Երկրի անվտանգությունը, սահմանների պաշտպանությունը յուրաքանչյուրի պարտավորությունն է, միայն բանակինը չէ: Պաշտպանության նախարարությունն առաջարկում է օրենքի նոր նախագիծ՝ Հայաստանում կստեղծվի աշխարհազոր: Անհրաժեշտությունն էլ, ըստ ՊՆ-ի, հիմնավորված է՝ հիմա այլ են տարածաշրջանային զարգացումները, նաև երկրի պաշտպանության մեր պետության հնարավորությունները: Գաբրիել Բալայանի խոսքով՝ փորձով ապացուցված է՝ պատերազմական իրավիճակներում կամավորներ շատ են լինում, բայց անկանոն խմբերով ու առանց համապատասխան պաշարի:
Գաբրիել Բալայան, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ - Նաև առաջնահերթություններից է կամավորներին կանոնակարգելը: Գիտեք, կանոնակարգված և պլանավորած անձնակազմի միջոցով որևէ գործողություն կատարելը շատ ավելի էֆեկտիվ է, քան ցաքուցրիվ խմբավորումների միջոցով:
Քաղաքացիները խաղաղ պայմաններում բնակավայրերում զենքով չեն շրջելու՝ հստակեցնում է Գաբրիել Բալայանը: Զենք քաղաքացիները կստանան համապատասխան վայրից` միայն անհրաժեշտության դեպքում, երբ կլինի մարտական գործողություն կոնկրետ տարածքում, ապա կվերադարձնեն նույն պահման կետ:
Գաբրիել Բալայան, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ - Մենք ենթադրում ենք, որ սպառազինության քանակը համապատասխան կցագրման վայրերում ավելացնելու ենք, որպեսզի անհրաժեշտության պարագայում այդ զենքը բաժանենք, այդ զենքի օգտագործման ու գիտելիքների թարմացման համար, ենթադրում ենք, որ կանցկացնենք պարբերաբար վարժանքներ:
Ըստ կանխատեսումների, աշխարհազորի թիվը կհասնի 100 հազարի, կազմում՝ կամավորության սկզբունքով, կընդգրկվեն պահեստազորում չհաշվառված մինչև 70 տարեկան քաղաքացիները, նրանց ղեկավարությունն էլ կստանձնեն համայնքապետների, մարզպետների տեղակալները: Նախարարությունն առաջարկում է թափուր կամ նորաստեղծ հաստիքը տրամադրել պաշտոնաթող սպաներին:
Գաբրիել Բալայան, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ - Մենք ունենք գեներալական կազմ, մենք ունենք գնդապետեր ու փոխգնդապետեր, որոնք զորամասի և ավելի բարձր օղակների հրամանատարներ են եղել, որոնք նաև տեղացի են, ինչը կարևոր է և հրամանատարների մեծ մասը հարգանք է վայելում այդ բնակավայրերում:
Պաշտպանության փոխնախարարն անդրադարձել է նաև ԵԿՄ-ի հետ հարաբերություններին: Աշխարհազորն ու ԵԿՄ-ն տարբեր ճյուղեր են, ասում է Բալայանը, ունեն տարբեր առաքելություններ և պետք է ոչ թե տարանջատված լինեն, այլ փոխլրացնեն միմյանց: Աշխարհազորայինները խաղաղ պայմաններում մարզումների համար չեն վարձրատրվի, բայց փոխարենն աշխատավարձ կստանան մարտական պայմաններում՝ ըստ զբաղեցրած պաշտոնի ու ծառայության վայրի:
Աշխարհազորի մեջ կարող են ընդգրկվել նաև կանայք: Փոխնախարար Բալայանի խոսքով` սկզբնական շրջանում կանայք չեն մասնակցի հնարավոր մարտական գործողություններին: Այս պարագայում արդեն կօգտագործեն անհատական հմտությունները: Օրենսդրական փաթեթն այս ամսվա կեսին պատրաստվում են կառավարությանը ներկայացնել, չի բացառվում՝ մինչև տարեվերջ կարող է հաստատել նաև Ազգային ժողովը: