Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում անտառապահները հազվագյուտ թռչնատեսակներից գառնանգղի /մորուքավոր անգղ /Gypaetus barbatus/ բնադրող զույգ են ֆիքսել։
Հայաստանի յուրահատուկ թռչնաշխարհը մշտապես գտնվում է «ԱրԱվես» ՀԿ-ի և Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի անտառապահների ուշադրության կենտրոնում։ «ԱրԱվես» ՀԿ-ն ակտիվորեն զբաղվում է Հայաստանի հարուստ թռչնաշխարհի ուսումնասիրությամբ և անչափ կարևորում է հատկապես անգղերի պոպուլյացիայի կայուն դինամիկան։
Նկարահանված թռչնատեսակը գրանցված է ՀՀ կենդանիների Կարմիր գրքում, սակավաթիվ և վտանգված տեսակ է: ՀՀ կարմիր գրքի տվյալների համաձայն՝ թվաքանակը կազմում է 8-10 բնադրող զույգեր: Գառնանգղի պոպուլյացիան նվազում է նաև ամբողջ աշխարհում։ Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և 2014 թ․-ից հետո տրվել է Near threatened կարգավիճակ: ՀՀ ԿԳ տվյալներով՝ գառնանգղի թվաքանակի վրա ազդում է թունաքիմիկատների օգտագործումը գյուղատնտեսական և անտառային տնտեսություններում, ապօրինի որսը, թակարդներով բռնելը, ինչպես նաև կերային ռեսուրսների կրճատումը: Մորուքավոր անգղը բնադրում է առավելապես բարձր լեռների ժայռոտ տեղամասերում, գերադասելով խորը ժայռոտ կիրճերը, որպես կանոն` ծ.մ. 800-2000 մ բարձրություններում: Ձվադրում է հունվարի սկզբից մինչև փետրվարի կեսերը: Տարեկան ձվադրում են մեկ ձու: Սնվում է կենդանիների դիակներով, հիմնականում` մանր և միջին չափերի, երբեմն՝ խոշոր եղջերավոր կենդանիների:
Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը հանդիսանում է մասնավոր պահպանվող գոտի, որտեղ անթույլատրելի են որսը, ինչպես նաև՝ բնության հանդեպ իրականացվող ցանկացած ապօրինություն։ Տարածքը
մշտապես գտնվում է անտառապահների ու տեսախցիկների անմիջական ուշադրության և հսկողության տակ։ Այս է պատճառը, որ CWR տարածքում կարելի է հանդիպել տարատեսակ հազվագյուտ կենդանատեսակների, ինչպիսին է նաև գառնանգղը։ Ապաստարանը կառավարվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից: