Այս տարի ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում, որոնք տվյալ բնակավայրում միակը չեն, առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվել է առցանց հայտագրման տարբերակով՝ համակարգչի կամ սմարթ հեռախոսների միջոցով` https://hayt.emis.am կայքում: Առցանց համակարգն անցյալ տարի փորձարկվել էր Երևանում՝ հետագայում այն նաև մարզերում տարածելու հիմքեր ստեղծելու նպատակով:
Այսօր ՀՀ պետական դպրոցներում գրանցվել է 36161 առաջին դասարանցի, որոնցից 26431-ը՝ հայտագրման համակարգով։ Հայտագրման գործընթացը կշարունակվի ողջ տարվա ընթացքում:
Առցանց համակարգի ներդրման արդյունքները`
-
բոլոր ծնողների համար ապահովված է հավասար մեկնարկային պայմանների հնարավորություն՝ օրենսդրական կարգավորումներին համապատասխան.
-
ՀՀ որևէ դպրոց հնարավորություն չի ունեցել լիցենզիայով սահմանված տեղերից ավելի թվով առաջին դասարանցիներ ընդունել. համակարգը դա թույլ չի տվել (լիցենզիայի տեղերը սահմանվում են նախարարի հրամանով` հաշվի առնելով կրթական գործընթացի կազմակերպման նորմատիվները).
-
կտրուկ նվազել է գերբեռնված և թերբեռնված դպրոցների թիվը.
-
առցանց գրանցման համակարգը բաց է. հայտագրման համար վերջնաժամկետ սահմանված չէ: