Հաշվի առնելով կենսաթոշակային տարիքի անձանց՝ կորոնավիրուսի տարածման ռիսկային խմբում գտնվելու հանգամանքը, սեպտեմբեր 2-ից կենսաթոշակի կանխիկ վճարումն իրականացվելու է բացառապես շահառուների հաշվառման հասցեներում, փոստատարների կողմից, հասցեական առաքման միջոցով: Այս մասին հայտնում են «Հայփոստ» ՓԲԸ-ից:
«Բոլոր այն դեպքերում, երբ կենսաթոշակի կանխիկ վճարումը հնարավոր չի լինի իրականացնել շահառուի հաշվառման հասցեում չբնակվելու պատճառով, վճարումը կկազմակերպվի կենսաթոշակառուի (նպաստառուի) հաշվառման հասցեն սպասարկող փոստային բաժանմունքում, սեպտեմբեր 10-ից սկսած՝ պահպանելով համաճարակի պայմաններում անվտանգության բոլոր կանոնները»,- ասվում է հաղորդագրության մեջ: