Գինեգործներն այս տարի կոնյակ արտադրողներից առաջ են ընկել և արդեն սկսել խաղողի մթերումը: Մասշտաբային բերքահավաքն սպասվում է մոտ տասն օրից: Պետական օժանդակությունն ինչպես է գյուղացիներին հասնում, Արագածոտնում հետևել է էկոնոմիկայի նախարարը: Ի դեպ, վերամշակողներն այս տարի գյուղացուց միրգը ընդունելու են նախնական հայտարարությամբ՝ 130-150 դրամով:
Գինու հումքն օրհնեցին, նոր աղացը միացավ: Խաղողի մթերումն սկսված է: Գյուղացիների առաջ՝ դռներն առաջինը բացած «Արմենիա Վայնում» ասում են. չեն շտապել: Իրենց պետք չէ պտուղը վազին շատ քաղցրանա: Սովետից մնացած այդ մոտեցումը կոնյակի համար գուցե ճիշտ է, բայց գինու դեպքում, որպես 27 երկիր ապրանք արտահանող, գիտեն և այգեգործներին հորդորել են՝ բերքահավաքը չուշացնել:
Վահագն Մկրտչյան, «Արմենիա Վայն» ընկերության համահիմնադիր - Մարդկանց համար տարօրինակ չի, որ ասում ենք խաղողը պետք է հավաքել ցածր շաքարայնությամբ, որպեսզի ճիշտ գինի պատրաստենք:
Խաղողը կշռելուց մինչև այգեպանին վճարելու գրագրություն՝ գործարանն իրականացնում է էլեկտրոնային եղանակով,- մթերմանը հետևելու գնացած էկոնոմիկայի նախարարին ներկայացրել են Արագածոտնում:
Կորոնայի առաջ բերած ֆինանսական դժվարությունների պատճառով՝ կառավարությունն այս տարի վերամշակողներին օգնել է ավելի մեծ գումար և ավելի երկրակարաժամկետ վարկեր ստանալ: Այնպես որ, մանրադիտակի տակ է պահելու՝ գյուղացուն հանկարծ պարտք չմնան, փողը ժամանակին հասնի մթերողին:
Արման Խոջոյան, ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար - Նմանատիպ այցերը շարունակվելու են ամբողջ գործընթացի ընթացքում, որ տեսնենք առաջարկած գործիքակազմը որքանո՞վ է կիրառելի ու ընթացքում ի՞նչ դժվարություններ են առաջանում:
Խնդիրները չուշացան. առավոտից բողոքի են դուրս եկել Սարդարապատի, Բամբակաշատի և Այգևանի այգետերերը: Պարտճառը՝ վերամշակողներից մեկի հայտարարությունն է, թե մթերման արժեքը կգ-ի դիմաց անցած տարվա 150-ից իջեցնում է 135 դրամի:
Որոշ այգետերեր էլ աճեցրած ամբողջ բերքը մթերելու խնդիր ունեն: Վստահ են՝ պայմանագրում նշածից շատ են քաղելու: Որ ավելցուկը պատճառ բերելով գործարանները թվեր չուռճացնեն, Հայաստանում օգոստոսից մեկնարկել է խաղողի դաշտերի քարտեզագրումը:
Զարուհի Մուրադյան, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն - Մեզ հնարավորություն կտա վերահսկել ամբողջ խաղողի արտադրությունը բոլոր շրջաններում և մյուս տարի մենք հստակ կիմանանք, ինչքան խաղող է մթերվել:
Խաղողն, ի դեպ, այս տարի աննախադեպ առատ է: