Բեյրութում տուն, բիզնես կորցրած, Հայաստան վերադարձած լիբանանահայերը փորձում են քիչ-քիչ մոռանալ եղածն ու Մայր հայրենիքում հիմնվել, նորից տուն տեղ դնել: Կառավարությունն աջակցության ծրագիր է մշակել: Միայն թե նրանց մի մասը Հայաստանի քաղաքացի չէ, կացության խնդիր ունեն:
Թաղամասի աղմուկն ու խառնաշփոթը... հիշողության մեջ ամեն ինչ դեռ թարմ է: Բայց Սոնայի արցունքներն ուրախության են, տխրությունն ու ուրախությունը միասին են: Ասում է՝ հրաշք է, փրկվել են, Հայաստանում ապահով են:
Կորցրածի մասին չի էլ մտածում, Լիբանանում պատերազմ ու ճգնաժամ տեսել են, սկսել զրոյից: Ինքն ու երեք երեխաներն այստեղ են, բայց մտքով դեռ Բեյրութում է՝ սպասում է ընտանիքի մյուս անդամներին: Առաջնային խնդիրը՝ երեխաներին փրկելն էր:
Խոհարար է, երկար տարիներ իրենց անկյունն են ունեցել Բեյրութի հայաշատ Բուրջ Համուդ թաղամասում, հյուրերին զարմացրել է հայկական ուտեստներով: Դժվար օրեր, ասում է, իհարկե եղել են, միշտ էլ գտել են ելքը: Հիմա ապրում են Կոտայքի մարզում, մատչելի գնով փոքրիկ ամառանոց է գտել, միայն չգիտի` ինչպես լուծել երեխաների դպրոցի ու համալսարանի հարցը: Երևանում աշխատանք է փնտրում:
Հայաստան վերադարձող լիբանանահայերի սոցիալ-տնտեսական կարիքները մեղմելու համար կառավարությունն աջակցության փաթեթ է մշակել՝ ներառելով առողջապահական, կրթական, կեցության և հարցերի այլ շրջանակ: Դեսպանատան տվյալներով՝ շուրջ 25 000 լիբանանահայ Հայաստանի քաղաքացի է:
Գիշերն են Երևան եկել, ճամպրուկները դեռ չեն բացել՝ պայթունից ամուսնու ոտքն ու ձեռքն է վնասված, տիկին Հուրին էլ խնդիրներ ունի, բայց ժպտում են՝ նման ընդունելության չէին սպասում: Տանտերերն իրենց երկու սենյակը տրամադրել են Շահինյաններին, չցանկացան խոսել, կադրում երևալ, ասացին՝ մեծ բան չէ, թող մնան, ինչքան պետք է: Փոխարենը Սարգիս Շահինյանն առավոտից տանտերեին է օրհնում՝ մեծ սրտի համար:
Բուրջ Համուդում թողել են երկու խանութ, փոքրիկ ռեստորան: Հետ չեն նայում, հիմա էլ կստեղծեն՝ արդեն Հայաստանում: Միայն թե խնդիր ունեն թղթերի հետ կապված: Հայաստանի քաղաքացի չեն: Ոտքը կբուժվի, որդին՝ Նժդեհը, նորից կերգի բեմում, կինն էլ նորից խմորեղեն կթխի, մյուսներին էլ կօգնեն: Միայն մի խնդրանք ունեն՝ կացության հարցն արագ լուծվի, շուտ աշխատեն: