ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լ. Ղարախանյանը Գիտելիքի օրը նշանավորել է սահմանամերձ Թալիշում: Այս մասին տեղեկանում ենք Արցախի ԿԳՄ նախարարությունից:
Դպրոցի մուտքի մոտ նախարարին դիմավորել են ուսուցիչները և այս ուսումնականի միակ առաջին դասարանցին՝ փոքրիկ Նանեն, որը դպրոցական պայուսակն ու գրենական պիտույքներն անձամբ նախարարից է ստացել:
Ողջունելով դպրոցի անձնակազմին և շնորհավորելով Գիտելիքի օրվա առթիվ՝ նախարարն իր խոսքում ընդգծել է սահմանի կարևորությունը. «Սահմանն է այսօր թելադրում մեր ամբողջ գործունեության ու կենսակերպի տրամաբանությունը. սահմանամերձ համայնքում ապրող յուրաքանչյուր մարդ՝ փոքրիկ Նանեից սկսած, հերոս է: Այսօր մեզնից յուրաքանչյուրը որևէ քայլ ձեռնարկելիս պիտի առաջնորդվի իրական ու մնայուն արժեքներով՝ վեր դասելով հայրենիքի շահը, հիշելով, որ այս հողը սրբագործված է արյամբ՝ աչքի առաջ ունենալով ընկած տղաների անխոս պատգամները»:
Ապրիլյանից հետո Թալիշի ճակատագիրը հիմնովին փոխվել է, այսօր տեղի դպրոցում 27 աշակերտ է սովորում, սակայն թշնամու կրակակետի տակ ապրող թալիշցիները հաստատակամ են պապենական հողը շենացնելու հարցում:
Վերադարձին ԱՀ ԿԳՄ նախարարն այցելել է նաև Մատաղիսի միջնակարգ դպրոց, շնորհավորել ուսուցիչներին՝ տոնի առթիվ, տեղեկացել դպրոցի խնդիրներից: Մատաղիսի 102 աշակերտ ունեցող դպրոցը՝ երիտասարդ ուսուցչական կազմով ու կատարած աշխատանքով, ուղղակի հիացմունքի է արժանի:
Դպրոցի 8 ուսուցչուհիների ամուսինները սպաներ են: Դիմելով նրանց՝ նախարարը շեշտել է. «Շնորհակալ եմ ձեզ նվիրումի համար. ձեր ամուսինները երկրի սահմանը պահում են զենքով, իսկ դուք՝ գրչով: Կեցցե՛ք: Համոզմունքս մեկն է՝ ուսուցչությունը երկրորդ բանակն է, և որքան ուժեղ լինի այդ բանակը, այնքան անպարտելի կլինենք մենք»: