Հայաստանն ու Ադրբեջանը շահագրգռված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ իրավիճակի կարգավորմամբ: Այս մասին այսօր Մոսկվային միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) ուսանողների ու դասախոսական կազմի առջև ելույթում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ գրում է ТАСС գործակալությունը:
Ռուս բարձրաստիճան պաշտոնյան տեղեկացրել է, որ նախօրեին զրուցել է հայ և ադրբեջանցի պաշտոնակիցների հետ:
Լավրովն անդրադարձել է վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղի, նաև՝ հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դեպքերին, որոնք ավելի են խորացրել լարվածությունը և դրական դեր չեն խաղացել այն գործում, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը դրական ու հաջող լինեն:
«Մեզ մոտ զգացողություն է, որ երկու կողմերն էլ շահագրգռված են այն հարցում, որ իրավիճակը հանդարտվի, որպեսզի վերսկսվեն հանդիպումները, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կազմակերպում են տարածաշրջանում»,- հայտնել է Սերգեյ Լավրովը:
Այն հարցին, թե Ռուսաստանն ինչո՞վ կարող է օգնել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը պատասխանել է.
«Ռուսաստանն ամենաակտիվ մասնակիցներից մեկն է այս գործընթացում, քանի որ համանախագահների եռյակից բացի, մենք նաև միջնորդական ջանքեր ենք գործադրում կողմերի միջև երկխոսության նպատակով բարենպաստ պայմաններ ստեղծելու համար»:
ՌԴ արտգործնախարարի խոսքով՝ տեսակետներ են հնչում, որ անհրաժեշտ է հրաժարվել բոլոր փաստաթղթերից ու սկսել մաքուր էջից կամ գործարկել Բ պլանը: Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, սակայն, դա մեծ սխալ է համարում՝ նշելով, որ այսքան տարիների աշխատանքը պետք է հետագա ջանքերի համար հիմք ծառայի: