Ուսանողներից շատերը դիմակով, ոմանք էլ՝ պահանջները խախտելով՝ առանց դիմակի էին համալսարաններ եկել. բուհերում այսօր առաջին կուրսեցիների առաջին դասն է: Կոկիկ հագնվել ու համալսարան էին եկել: Արևելագիտության ֆակուլտետ ընդունված Նելլին անկեղծանում է՝ դիմակով դժվար է, բայց փորձում է հարմարվել:
Նելլի Ղազարյան, ԵՊՀ ուսանող - Աժիոտաժի մեջ ենք: Ավելի լավ է դիմակներով, բայց լինի նորմալ դասեր, ոչ թե հեռավար, բայց դե պատկերացնում ենք, որ դիմակներով էլ ավելի դժվար է լինելու:
Մայր բուհը սեպտեմբերի 15-ից կընդունի նաև բարձր կուրսերի ուսանողներին: Այսօր դասի էր մոտ 2800-ը: Պրոռեկտոր Էլինա Ասրիյանը վստահեցնում է՝ բուհում պահպանվելու են հակահամաճարակային կանոնները: Դասախոսությունները՝ հիմնականում առցանց, գործնական դասերն ու լաբորատոր պարապմունքներն էլ՝ լսարաններում:
Էլինա Ասրիյան, ԵՊՀ հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր - Յուրաքանչյուր լսարանում կարող է լինել ոչ ավել, քան 30 ուսանող, միևնույն ժամանակ` մեկ մասնաշենքում չի կարող գտնվել ավելի քան 150 ուսանող և յուրաքանչյուր ուսանողի համար դասապրոցեսը չի կարող կազմակերպվել ավել, քան շաբաթական երկու անգամ:
Համալսարանի բակն այսօր սովորականից մարդաշատ էր: Նորեկներից բացի Մայր բուհում էին նաև բարձր կուրսեցիները՝ ուսանողական ընկերներին հանդիպելու էին եկել: Երկրորդ կուրսում սովորող Էլենը չի պատկերացնում, թե դասին ինչպես է 80 րոպե դիմակով նստելու:
Էլեն Մելիքյան, ԵՊՀ ուսանող - Չեմ ընդունում դիմակով կրթությունը, քանի որ ուսանողների մեծ մասն ունեն շնչառական խնդիրներ և չեմ կարծում, որ արդյունավետ է օգտագործել դիմակ` ամբողջ դասի ընթացքում:
Տնտեսագիտական համալսարանի մուտքի մոտ ուսանողներն ու դասախոսները փոքր փորձություն են հաղթահարում: Ջերմությունն ստուգում, հետո նոր են թույլատրում: «Կարևոր պայման է»,- վստահեցնում է համալսարանի բուժաշխատողը:
Կառավարման ժամին բոլորը մեկ մարդու պես դասի էին: Չնայած դիմակի անհարմարությանը՝ ուշադիր լսում էին առաջին դասը: Ֆակուլտետի դեկանը պարբերաբար մտնում, ուսանողներին հորդորում է՝ դիմակը չհանել ու պահպանել սոցիալական հեռավորությունը.
Մանուկ Մովսիսյան, ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի դեկան - Դիմակներով, պատուհանները բաց են, օդափոխությունը տեղի է ունենում: Ավելին ասեմ ձեզ՝ առաջին հերթափոխից հետո ամբողջ լսարանները, ինչպես առավոտյան, այնպես էլ կեսօրին ախտահանվում են:
Ախտահանիչ միջոցները նաև բուհի միջանցքներում են: Ուսանողները հաստատության տարածքից դուրս գալ չեն կարող, բայց դասամիջոցը կարելի է նաև բակում անցկացնել: Դասախոսը դիմակով՝ դժվարությամբ, բայց կարևորը՝ մեծ սիրով է դասն անցկացնում.
Վարդան Վլասյան. ՀՊՏՀ դասախոս - Մոտ 80 րոպե է արդեն դաս եմ անում, դեռ չեմ նկատել, որևէ մեկն անգամ փորձի դիմակն իջեցնել անհարմարությունից ելնելով, դիմակների ներկայությունն անգամ չենք էլ նկատում:
Առաջին օրն է, ոչ բոլոր ուսանողուհիներն են քիթը կամ բերանն ամբողջությամբ ծածկել, այսօր ժպիտով կգերեն, վաղն արդեն աչքերով: