Ասֆալտ փռող մեխանիզմից կատարված գողության մասին Արմավիրի բաժնում հաղորդումն ստացվել էր երկու տարի առաջ, 2018 թվականի մարտի 27-ին: «Արարատ ճանշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության աշխատակիցը հայտնել էր, որ գիշերը գողացել են Նորապատ գյուղի մոտակայքում, ճամփեզրին կայանված մեխանիզմի գլխավոր կառավարման վահանակը` պատճառելով երկուսուկես միլիոն դրամի վնաս:
Երկու տարի առաջ իրավապահների ձեռնարկած միջոցառումներն արդյունք չէին տվել: Ու թեև քրեական գործի վարույթը կասեցվել էր, սակայն Արմավիրի քրեական հետախույզները շարունակում էին աշխատանքը նաև նախկինում կատարված այս հանցագործության բացահայտման ուղղությամբ:
Օրեր առաջ ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ոստիկանները պարզել են, որ նշված գողությունը կատարել է Նոր Արմավիր գյուղի 28-ամյա մի բնակիչ: Բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 28-ին երիտասարդը ներկայացել է բաժին, խոստովանել արարքն ու ներկայացվել նախաքննական մարմնին: Քրեական գործի վարույթը վերսկսվել է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: