Առաջիկայում ստեղծվելիք աշխարհազորում նախատեսվում է կամավորության սկզբունքով ներգրավել նաև կանանց՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը: Նա նաև ընդծել է՝ պաշտպանական գերատեսչությունը այդ առումով որևէ խտրականություն չի նախատեսում:
Գաբրիել Բալայանը հերքել է տեսակետը, թե աշխարհազորայինները պետք է զինված շրջեն փողոցներով։ «Ոչ մի տեղ գրված չէ, որ մենք նախատեսում ենք զենք բաժանել մարդկանց, որոնցով նրանք շրջելու են փողոցներով։ Աշխարհազորայինները զենք կստանան միայն մարտական գործողությունների ժամանակ, եթե նրանք ներգրավվեն կոնկրետ միջոցառումների մեջ։ Անշուշտ, այն անձինք, ովքեր կընդգրկվեն աշխարհազորայինների կազմում, կանցնեն զինվորական պատրաստվածություն, բայց զենք կստանան միայն այն ժամանակ, երբ կոնկրետ գործողությունների մեջ ներգրավվեն»,- նշել է փոխնախարարը։ Գաբրիել Բալայանի խոսքերով՝ օրինագծի ընդունման դեպքում համապատասխան նորմատիվ ակտերով կկարգավորվեն մնացած նրբությունները՝ սկսած այն բանից, թե տարին քանի անգամ են պատրաստվածություն անցնելու, ինչ զենք է ամրակցվելու և այլն։