Շուրջ երեք ամիս առաջ՝ մայիսի 27-ին, «Իմ քայլը» հիմնադրամի «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանում» ծրագրի շրջանակում մեկնարկեցին Արմավիրի մարզի Տանձուտ ու Այգեշատ համայնքների միջնակարգ դպրոցների մարզադահլիճների ու սանհանգույցների հիմնանորոգման և կահավորման աշխատանքները:
Այսօր՝ սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի օրվա առիթով, տեղի ունեցավ Տանձուտ և Այգեշատ համայնքների միջնակարգ դպրոցների վերանորոգված և կահավորված մարզադահլիճների, հանդերձարանների, սանհանգույցների ու հարակից տարածքի բացման արարողությունը: Երկու համայնքի 470 աշակերտ, 53 ուսուցիչ ու 3877 բնակիչ անհամբերությամբ սպասում էին այս օրվան. նրանց երազանքն արդեն իրականություն է: «Իմ քայլը» հիմնադրամի համար առաջնային նպատակ դարձած ծրագրի հիմքում առողջ և արժևորված սերունդ ունենալու հաստատակամությունն է:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան, «Իզմիրլյան» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմեն Չոբանյանը, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի կոմերցիոն տնօրեն Վաչե Մանուկյանը և հիմնադրամի բարերարներ: Ներկաները շրջայց կատարեցին երկու դպրոցում, ծանոթացան կատարված աշխատանքին: Պաշտոնական միջոցառմանը հաջորդեց «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ֆիզիկական պատրաստվածության իտալացի մարզչի և դպրոցի աշակերտների մասնակցությամբ ցուցադրական խաղ-վարժանքը:
Միջոցառման բացմանը «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը նշեց, որ դպրոցական միջավայրն է առողջ անհատի և քաղաքացու զարգացման կարևորագույն դարբնոցը. «Այս գիտակցմամբ է, որ «Իմ քայլը» հիմնադրամը նախաձեռնեց «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանում» ծրագիրը, որի առաջնային նպատակը Հայաստանում դպրոցահասակ երեխաների և դեռահասների շրջանում առողջ վարքագծի խրախուսումն է` սանիտարիայի ենթակառուցվածքների հասանելիության, հիգիենայի և ֆիզիկական կրթության պայմանների բարելավման, ինչպես նաև առողջ վարքագծի ձևավորման միջոցով: Այս ծրագրի շրջանակներում ջանք չենք խնայելու, որ հայ երեխան մեծանա առողջ միջավայրում: Այո՛, մենք վստահ ենք, որ առողջ դպրոցն իրագործելի է, իսկ մեր ջանքերը՝ նպատակային, ավելին՝ սա մեր արժանապատվության հարցն է:
Երախտապարտ ենք տիկին Աննա Հակոբյանին այս ծրագրին առաջնահերթ կարևորություն տալու և դրա իրականացմանն անվերապահորեն աջակցելու համար:
Այսօր բացարձակապես մեզնից յուրաքանչյուրից է կախված, թե քանի դպրոցում կներդրվի այս մոդելը, քանի դպրոց կունենա վերանորոգված մարզադահլիճ, սանհանգույց, հանդերձարան, քանի երեխայի համար կապահովենք լիարժեք ֆիզիկական ակտիվություն ու անհրաժեշտ կենսական միջավայր: Յուրաքանչյուրը կարող է ունենալ իր ներդրումն առողջ դպրոցի կայացման, նրա զարգացման ու տարածման գործում: Կարծում ենք, որ սա շարժում պետք է դառնա՝ ո՛չ մի կիսավեր դպրոց. մեր այսօրվա փորձը ցույց է տալիս, որ ընդամենը երեք ամսում հնարավոր է ունենալ բարեկարգ միջավայր և ընդամենը երեք ամսում կարելի է փոխել մի ամբողջ սերնդի ապագա:
Աշխատանքային մի այցին համայնքի խանութներից մեկի աշխատակցուհին անկեղծացավ. իր թոռանը տանը թույլ չեն տալիս, որ առավոտյան թեյ խմի՝ սանհանգույցից օգտվելու կարիք չունենալու համար: Չպե՛տք է ունենանք նման խնդիր, չպե՛տք է մեր ապագան որոշող սերունդը մեծանա ու կրթվի նման միջավայրում: Իրականում մեկ ելք կա՝ համատեղել մեր ջանքերը հանուն դպրոցական միջավայրի բարեկարգման, որը կբերի նաև վարքագծի փոփոխություն»:
Ելույթ ունեցան նաև դպրոցների տնօրեններ Հովսեփ Այվազյանը և Արմենակ Սարդարյանը:
«Ես վաղուց դուրս եմ եկել այն տարիքից, երբ հավատում են հեքիաթներին, իսկ մարզադահլիճի վերանորոգումն ինձ համար հեքիաթի էր նմանվում: Ավելի ուշ՝ արդեն գործի մեջ պիտի հասկանայի, որ գործ ունենք իրենց գործին անշահախնդիր նվիրված, դպրոցի հոգսերը կիսող մի հրաշալի թիմի հետ: Այս մարդկանց սրտացավությունը, պահանջկոտությունը փոխանցվեցին նաև շինարարներին: Շինարարության մեջ ականատես դարձա մի նոր մշակույթի: Նշաձողը շատ բարձր էր դրված, բարձր որակի պահպանումը՝ հրամայական: Խորին շնորհակալությունս բոլոր շինարարներին: Պատկերացնում եմ, թե որքան կուրախանան երեխաներն այս ամենը տեսնելով»,- իր ելույթի խոսքում նշեց Տանձուտի դպրոցի տնօրեն Հովսեփ Այվազյանը, իսկ Այգեշատի դպրոցի տնօրեն Արմենակ Սարդարյանը հավելեց. «Երևակայությունից դուրս աշխատանքներ իրականացվեցին։ Անճանաչելիորեն փոխվեց ուսումնական միջավայրը։ Մարզադահլիճը նոր տեսք ու բովանդակություն ստացավ, համալրվեց ուսումնական ծրագրով անհրաժեշտ գրեթե ողջ մարզագույքով։ Զրոյից սանհանգույցներ կառուցվեցին, հանդերձարաններ առանձնացվեցին, տեղադրվեցին արևային ջրատաքացուցիչներ, որն առհասարակ երազանք է գյուղական բնակավայրի ցանկացած հաստատության համար։
Թող հիմնադրամի ազգանպաստ գործը հարատև լինի, թող շատ այլ դպրոցներում նման բարեկարգումներ արվեն, թող մեր երեխաները տեսնեն ու ընկալեն, որ իրենք սիրված են ու կարևոր: Աշխատանքների նախագծային փուլում այսօրվա իրականությունը մեզ համար ֆանտաստիկայի ժանրից էր թվում, անկեղծ՝ չէինք հավատում»:
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» հիմնադրամի «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանում» ծրագիրը նախատեսում է դպրոցների մարզադահլիճների և սանհանգույցների վերանորոգում և կահավորում, «Ֆիզիկական կուլտուրա» առարկան և «Առողջ ապրելակերպ» դասընթացը դասավանդող ուսուցիչների կարողությունների զարգացում, առողջ ապրելակերպի իրազեկման արշավներ: Ծրագրի շահառուներն ընտրվելու են հիմնադրամի մշակած՝ դպրոցներում առողջ ապրելակերպի պայմանների գնահատման առցանց գործիքը լրացնելուց հետո՝ ըստ Ծրագրի չափորոշիչների։
Ծրագիրը միտված է խթանելու ֆիզիկական կրթությունը, հանրայնացնելու ֆիզիկական ակտիվության և առողջ ապրելակերպի մշակույթը, նպաստելու վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը, ակտիվացնելու համայնքային կյանքը: Տանձուտ ու Այգեշատ դպրոցների վերանորոգման աշխատանքները համաֆինանսավորել է «Իզմիրլյան» հիմնադրամի հայաստանյան գրասենյակը:
Ի լրումն այսօրվա միջոցառման՝ ուրախությամբ ազդարարում ենք, որ ծրագրում արդեն իսկ ընդգրկվել են նոր դպրոցներ: