Հայաստանի գեղեցկությունը որքան գայթակղիչ, պարզվում է՝ նույնքան էլ մոլորեցնող է: Խոսքը տուրիստական ընկերության անվան մասին է: Վերջերս մատչելի տուրեր առաջարկող զբոսաշրջային այդ ընկերությունից բազմաթիվ քաղաքացիներ, նաև հայտնի մարդիկ են տուժել։ Ֆեյսբուքում բացված «ոչ անպատժելիությանը» խմբում խաբված քաղաքացիների անունները ժամ-ժամ ավելանում են:
Այս հոլովակը գուցե ներգնա տուրիզմի լավագույն հոլովակներից լիներ, եթե չպարզվեր, որ հոլովակը տարածող Beauty of Armenia զբոսաշրջային ընկերությունը պանդեմիայի օրերին հարյուրավոր զբոսաշրջիկների է խաբել: Ֆեյսբուքյան խմբում արագ բարձրաձայնեցին՝ «2 գիշեր Հայաստանի ցանկացած հյուրանոցում և 3-րդ օրվա գիշերակացն անվճար» տրամադրող առաջարկը ֆեյք ակցիա էր:
Կասկածները փարատելու համար որոշել էին համոզվել՝ գրասենյակն իսկապե՞ս գոյություն ունի: Հատկապես, երբ պահանջել էին վճարել 24 ժամում: Փոխանցումից հետո, երբ ամեն ինչ թվում էր օրինական է, հյուրանոցից ճշտել են՝ փոխանցված 165 000 դրամը հյուրանոց չի հասել, ամրագրումն էլ չի հաստատվել:
Ծնողների նվերից բացի՝ ընկերներով էլ էին որոշել մի քանի օր Հայաստանի գույներն զգալ Beauty of Armenia-ի հետ: Վստահել էին, որովհետև սոցցանցերում նաև հայտնի մարդիկ էին խորհուրդ տվել, պարզվում է՝ նրանք էլ են խաբվել. գովազդների համար փոխհատուցում չեն ստացել: Հիմա զբոսաշրջային ընկերությունը փակել է սոցցանցերի բոլոր էջերը, տնօրեն Վահե Շահվերդյանի գրասենյակի ու անձնական բոլոր հեռախոսահամարներն անհասանելի են:
Ոստիկանությունից պատասխանեցին՝ քաղաքացիների դիմումներն ստացել են, վարույթ է իրականացվում, այլ նորություն դեռ չկա: Աղջիկները ևս տեղեկացրել են, նրանցից հետո տասնյակ դիմումներ են գնացել ոստիկանություն: Որպես ապացույց պահում են Վահեի հետ հեռախոսազրույցի բոլոր մանրամասները: Նաև հետաքրքրվել են՝ էլի խաբվածներ կան նույնիսկ անցած տարվանից:
Տուժողների թիվը պարզ չէ, բայց միայն այս խմբում, կորցրած գումարների չափը ժամ առ ժամ ավելանում է, արդեն անցնում է 6 միլիոն 280 հազարը: