Կրթության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել սահմանամերձ և բարձրլեռնային համայնքների դպրոցներ ուսուցիչներ գործուղելու նոր կարգի նախագիծը: Քվեարկողների 94 տոկոսը կողմ է նախագծին: Դեմ է քվեարկել 6 տոկոսը: Նոր կարգով առաջարկվում է գործուղվող ուսուցչի համար նախատեսել հավելավճար՝ աշխատավարձի 30 տոկոսի չափով, ուսուցչի ու նրա ընտանիքի համար նախատեսել ճանապարհածախսի փոխհատուցում՝ տարեկան 4 անգամ մշտական բնակության վայր այցելելու համար և փոխհատուցել բնակարանի վարձը՝ ըստ մարզերի սահմանաչափի:
Վահրամ Գասպարյան, ՀՀ ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղարի տեղակալ - Նոր կարգով ավելի լավ պայմաններ են սահմանված, քան նախկինում: վարձակալական վճարները, որ պիտի փոխհատուցենք, նախկինում տրվել է 10 000 դրամ վարձավճար, բայց գիտենք, որ տարբեր մարզերում տարբեր են գները, վերլուծվել է, մոտեցվել է շուկայականին:
Կոմունալ ծախսերի համար նախատեսված է ամսական 10 200 դրամ: Նախկինում հատկացվել են ամսական 5000 դրամի կեցության այլ ծախսեր: Դեռ հստակ վերլուծություն չկա, թե քանի մարզի քանի դպրոցում կոնկրետ ինչ մասնագետների պակաս կա ամենաշատը, բայց որ տարիներ շարունակ բարձրլեռնային ու սահմանամերձ համայնքների դպրոցներում մասնագետների պակաս եղել է, փաստ է,- վստահեցնում է ոլորտի մասնագետը:
Վահրամ Գասպարյան, ՀՀ ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղարի տեղակալ - Հրամանով մենք ստեղծում ենք նաև շտեմարան, որը կսահմանի, թե որտեղ ինչ մասնագետի կարիք ունենք և մեր ներքին ռեսուրսները, ինչ կադրեր կան, որոնք կբավարարեն պահանջվող որակավորումներին և կգործուղվեն:
Արդյո՞ք առաջարկվող պայմանները բավարար են և ոգևորիչ, որ ուսուցիչը տուն-տեղ թողնի, թեկուզ ընտանիքով բնակություն հաստատի սահմանամերձ համայնքում:
Վահրամ Գասպարյան, ՀՀ ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղարի տեղակալ - Դեռ 15 օր կմնա հանրային քննարկման, կարծում եմ` կլինեն արձագանքներ, մենք կուզենայինք լսել մարդկանց արձագանքները, մասնավորապես, մասնագետների կողմից և, բնականաբար, կշտկենք, կփոխենք, որ լավացնենք կարգը:
Այս պահին շրջանառվող նախագիծն առաջարկում է փոխհատուցել նաև ուսուցչի և նրա ընտանիքի անդամների անհրաժեշտ գույքի տեղափոխման տրանսպորտային ծախսը` մինչև 50 կիլոմետր ճանապարհի համար` 10 000 դրամ, 50 կիլոմետրից ավելի յուրաքանչյուր 50 կիլոմետրի համար` 8000 դրամ, բայց ոչ ավելի, քան 50 000 դրամը: Գործող կարգով` գույքի տեղափոխման համար հատկացվող գումարը 15 000 դրամ է: Մարզերում այս պահին գործուղման մեջ է 270 ուսուցիչ, բայց նոր կարգով պայմանագրեր կկնքվեն 2021 թվականի նոր ուսումնական տարվանից: