Քրեակատարողական հիմնարկներում տարիներ շարունակ խոշտանգման դեպքերը կապված էին քրեական ենթամշակույթի հետ: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ նշելով, որ այժմ կարող են արձանագրել՝ քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին խոսքերը ուղղակի բառեր չէին:
«Եթե վստահելու ենք ոչ թե Արդարադատության նախարարության կամ քրեակատարողական ծառայության տեղեկատվությանը, այլ քրեական ենթամշակույթի կողմից տարածվող լուրերին, ըստ որի խոշտանգումներ են տեղի ունենում քրեակատարողական հիմնարկներում՝ կարծում եմ դա սխալ մոտեցում է: Քրեական ենթամշակույթի դեմ պայքարն ընթանում է, ընթանալու է, և վերջին հարուցված քրեական գործերին՝ այդ թվում քրեակատարողական ծառայության ներդրումն այդ քննվող քրեական գործերում տեսել եք, հաղորդագրությանը ծանոթ եք: Բնականաբար, որոշ դեպքերում այդ քրեական գործերի կամ քրեական գործերից դուրս խցերում կատարված խուզարկությունները կարող են որոշակի դիմադրության արժանանալ»,- ասաց Բադասյանը:
Նախարարը նշեց, որ այդ դիմադրությունը հաղթահարելու՝ օրենքով սահմանված մեխանիզմ կա, և խոշտանգման մասին խոսելն ավելորդ է: Նա ընդգծեց, որ ազնիվ կլինի, որ ամենն իրենց անունով կոչվեն:
«Խոշտանգումները քրեակատարողական հիմնարկներում կապված են եղել քրեական ենթամշակույթի, դրա ազդեցության, այդ թվում՝ քրեակատարողական ծառայության վրա և դրա հետևանքով: Հիմա մենք զբաղվում ենք հետևանքը ծնող պատճառի վերացմամբ»,- նշեց նա:
Ըստ Բադասյանի՝ կարող են արձանագրել, որ քրեական ենթամշակույթի վերաբերյալ օրենքի քննարկման ընթացքում հնչած տեսակետները, թե այն հաստատ չի գործելու, արդեն ջախջախված են:
«Ինչ վերաբերում է ամբողջական օրենքի կիրառելիության և կիրառության ընթացքում առաջացող բարդություններին, ապա դրա մասին արդեն կարող ենք խոսել, երբ մեղադրական դատավճիռ լինի, երբ Վճռաբեկ դատարանը կարող է իրավական դիրքորոշում արտահայտել: Ես որևէ մտահոգություն չունեմ կիրառելիության հետ կապված»,- ասաց Բադասյանը՝ ընդգծելով, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարում հաջողություններ են գրանցվում: