ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից Երևանում և հանրապետության մարզերում գործող սննդի շղթայի կազմակերպություններում այսօր անցկացրած շրջայցերը հայտնաբերել են մի շարք թերացումներ:
ՍԱՏՄ տեսուչները հանրային սննդի օբյեկտներում արձանագրել են սեղանների և անձանց միջև սոցիալական հեռավորություն ապահովելու, խոհանոցում և սանհագույցում օգտագործված դիմակների համար նախատեսված փակվող աղբաման ունենալու, իսկ իրացման ցանցում՝ ջերմաչափման և ախտահանման գրանցամատյաններում ճշգրիտ գրառումների, ինչպես նաև դիմակը պատշաճ կրելու հետ կապված խախտումներ:
Արձանագրությունները կներկայացվեն պարետատուն, կլինեն կասեցումներ:
Տեսչական մարմնի ընդհանուր դիտարկումները փաստում են, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում տնտեսվարողները դրսևորել են անփույթ վերաբերմունք սահմանված նորմերի պահպանման նկատմամբ, թուլացել է զգոնությունը, ինչը հանգեցնելու է կասեցումների, հատկապես՝ կրկնայցերի արդյունքում հայտնաբերված խախտումների պարագայում:
Կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված թիրախային վերահսկողությունը ողջ հանրապետությունում չի դադարելու ոչ մի օր, և ՍԱՏՄ-ն հորդորում է խստագույնս պահպանել Պարետի սահմանած անվտանգության նորմերը: