Առաջին անգամ, գրեթե հինգ ամիս դադարից հետո, Երևանում տեղի կունենա մեծամասշտաբ մշակութային իրադարձություն՝ տեղեկացնում են Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տեղեկատվական բաժնից:
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովի հյուրընկալ այգում տեղի կունենա Վերդիի «Տրավիատա» օպերայի համերգային կատարումը:
Այս միջոցառմամբ համերգի կազմակերպիչներն ու մասնակիցները իրենց զորակցությունն են հայտնում պայթյունից տուժած Բեյրութին: Տոմսերի ամբողջ հասույթը կտրամադրվի Բեյրութում աղետից տուժած մշակութային կենտրոնների վերականգնմանը: Հավաքված գումարը կկրկնապատկվի Հայկական բարեգործական ընդհանուր միության միջոցներով:
Վերդիի ամենահայտնի օպերայի գլխավոր դերերում են միջազգային ճանաչում ունեցող օպերային կատարողներ Լիանա Ալեքսանյանը (Վիոլետա Վալերի), Լիպարիտ Ավետիսյանը (Ալֆրեդ Ժերմոն) և Իլյա Սիլչուկովը (Ժորժ Ժերմոն):
Օպերայի «Փարիզյան հասարակությանը» կներկայացնի Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան):
Համերգը կղեկավարի ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Թոփչյանը:
Տեղերը խիստ սահմանափակ են, միջոցառման ժամանակ կպահպանվեն հակահամաճարակային բոլոր կանոնները: Տոմսերը վաճառվում են միայն առցանց: