Առանց դիմակի տաքսու վարորդներ, գերբեռնված ավտոբուսներ ու միկրոավտոբուսներ: Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը Ճանապարհային ոստիկանության հետ ուժեղացված վերահսկողություն և մշտադիտարկումներ է իրականացրել Արաբկիր, Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում:
Թեև խախտումները տեղում վերացնում էին, սակայն արձանագրություններից չէին խուսափում: Երևանում և մարզերում գործող սննդի օբյեկտներում էլ բազմաթիվ խախտումներ են հայտնաբերել ՍԱՏՄ տեսուչները: Սեղանների ու անձանց միջև սոցիալական հեռավորության, դիմակների համար նախատեսված աղբամաններ չունենալու, ջերմաչափման ու ախտահանման խախտումների արձանագրություններով կասեցումներ կլինեն:
Տեսչական մարմնի ընդհանուր դիտարկումները վկայում են, որ վերջին մեկ շաբաթում տնտեսվարողները դրսևորել են անփույթ վերաբերմունք, թուլացել է զգոնությունը: Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն էլ պարետի որոշմամբ 24 ժամով կասեցրել է 3 տնտեսավարողի գործունեություն:
Ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանների անհամապատասխանության և իրազեկման թերթիկների բացակայության դեպքեր են արձանագրվել Երևանի և մարզերի սուպերմարկետներում, բանկերի մասնաճյուղերում, դեղատներում, հյուրանոցներում, գեղեցկության սրահներում։