Հայաստանի Հանրապետությունում անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթի շրջանակում երկու մրցափուլով անցկացվել է ռազմամարզական «ատլետ» մրցաձևը:
Առաջին օրը զորամասերից մեկի տարածքում մասնակիցներն ուժերն են չափել մի քանի վարժաձևում՝ վազք 100 մետր, ձգումներ պտտաձողի վրա, նռնակի նետում՝ դիպուկության և հեռահարության հաշվառմամբ, որից հետո թիմերի կին զինծառայողներն ավարտել են ելույթները տվյալ մրցափուլում:
Կանանց անհատական հաշվարկով ՀՀ զինված ուժերի թիմից ավագ լեյտենանտ Արմինե Գրիգորյանը տվյալ մրցաձևում լավագույնն է:
Երկրորդ օրը տղամարդիկ ուժերն են չափել ռազմամարզական հնգամարտում և մասնագիտական պատրաստության համալիր մրցումներում: Մասնակիցները, վազքով հաղթահարելով ռելիեֆային բարդ տեղանքը, ԱԿ-74 ինքնաձիգով կատարել են թիրախների խոցում, նռնակի, դանակի նետում և այլ վարժություններ:
Երկօրյա մրցումների արդյունքների համադրմամբ «ատլետ» մրցաձևում ընդհանուր հաշվարկով հաղթող է ճանաչվել Ռուսաստանի թիմը: Երկրորդ տեղում Բելառուսն է: ՀՀ Զինված ուժերի թիմը եզրափակել է ուժեղագույն եռյակը: