Վան քաղաքից 26 կմ հեռավորության վրա գտնվող Չավուշթեփե բերդում (հայկական անվանումներով Սարդուրիխինիլի կամ Հայկաբերդ) հայտնաբերված նեկրոպոլի (դամբարանադաշտ) տարածքում թուրքերը շարունակում են պեղումներ իրականացնել՝ տեղեկացնում է Ermenihaber-ը:
3-րդ տարին շարունակվող պեղումների արդյունքում նախկինում հայտնաբերված 2750 տարվա գերեզմանների ուսումնասիրությամբ ուրարտական պետության այդ հատվածում հայտնաբերվել էր թաղումն իրականացնելու 4 ձև: Դրանցից առաջինը դիակիզումից հետո մոխիրը կճուճի (սափորի) մեջ դնելով թաղելու ձևն է, երկրորդը դամբարաններն են, երրորդը՝ զարդանախշ սենյակի տեսք ունեցող գերեզմանները, և չորրորդը՝ ուղղակի հողի մեջ թաղելը:
Շարունակվող պեղումների արդյունքում օրերս հայտնաբերվել է հուղարկավորության 5-րդ տարբերակը: 50 քմ տարածքում հայտնաբերված գերեզմանները գրեթե ամբողջությամբ կառուցված են ավազաքարերից: Ենթադրվում է, որ այդտեղ 5-րդ ձևով թաղել են կառավարիչներին:
Աշխատանքները ղեկավարող թուրք պրոֆեսորի խոսքով՝ իրենք առաջին անգամ են հանդիպում կանգնեցված գերեզմանաքարերով ուրարտական շրջանի գերեզմանների:
Չավուշօղլուն ավելացրել է նաև, որ այս ձևով կառուցված գերեզմաններում հանգուցյալների թաղումը կատարվել է ինչպես դիակիզման եղանակով, այնպես էլ՝ սովորական:
Ըստ ավանդության՝ Հայկաբերդն այն վայրն է, որտեղ Բելի դեմ հաղթական ճակատամարտից հետո Հայկ նահապետը հիմնել է Հայք դաստակերտը, շրջակա տարածքն էլ կոչվել է Հայոց ձոր։ Ավելի ուշ Վանի հայկական թագավորության արքա Սարդուրի 2-րդը կառուցել է բերդը՝ անվանելով այն Սարդուրիխինիլի։