Լիբանանը նոր վարչապետ ունի: Գերմանիայում Լիբանանի նախկին դեսպան, սուննի Մուստաֆա Ադիբն առաջիկայում կձևավորի նոր կառավարություն՝ երկրում ծագած տնտեսական, սոցիալական և քաղաքական ճգնաժամի համատեքստում: 2013-ից արևմտյան երկրում դիվանագետ աշխատած Ադիբի ընտրությունը Լիբանանում կապում են Ֆրանսիայի հետ նոր տեսակի հարաբերություն կառուցելու մտադրության հետ, նշում, որ այս նշանակումը նվեր է Ֆրանսիայի նախագահին: Էմանուել Մակրոնը վաղը՝ սեպտեմբերի 1-ին, հերթական անգամ կմեկնի Բեյրութ:
Մուստաֆա Ադիբ, Լիբանանի վարչապետ - Հուսով ենք, որ ամենակարող Աստծո օրհնությամբ մենք կհաջողենք գտնել ստուգված փորձով մասնագետների, ինչն արդյունավետ կդարձնի ֆինանսական և տնտեսական բարեփոխումների իրականացումը:
Մուստաֆա Ադիբի թեկնածությունն առաջարկել էին նախկին վարչապետները, որոնք հրաժարական էին ներկայացրել՝ ճգնաժամը հաղթահարել չկարողանալու պատճառով: Լիբանանցի վերլուծաբանները նշում են, որ նոր վարչապետն աչքի չի ընկել իր գործունեությամբ: Նրան համեմատում են նախորդ պաշտոնակիցների հետ:
Ռամեզ Դաղեր, վերլուծաբան - Հասան Դիաբ և Մուստաֆա Ադի՞բ: Միևնույն մետաղադրամի երկու կողմն են: Հրաշքներ մի՛ սպասեք Մուստաֆա Ադիբից:
Ադիբը, Հասան Դիաբի պես, ակադեմիկոս է: Նա իրավաբանական և քաղաքական գիտությունների թեկնածու է, դասախոսում է Լիբանանի պետական համալսարանում: Նա նույնպես աշխատել է նախկին վարչապետ Նայիբ Միկատի կառավարությունում՝ նրա խորհրդականի պաշտոնում, ինչը դժգոհություն է առաջացրել քաղաքագետների շրջանում: Անդադար ցույցեր անող հասարակությունը նոր վարչապետից բարեփոխումներ է ակնկալում: Նա արդեն հասցրել է գնալ օգոստոսի 4-ի ահարկու պայթյունից տուժած թաղամասեր: