Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Ռոմայի» կազմում, պաշտոնապես դարձավ իտալական ակումբի ֆուտբոլիստ: Լոնդոնյան թիմը երկկողմանի համաձայնությամբ խզել է գործող պայմանագիրը հայ ֆուտբոլիստի հետ: Մխիթարյանը հիմնական պայմանագիր է կնքել «Ռոմայի» հետ։
«Հարգելի ընկերներ, ուրախ եմ տեղեկացնել, որ հիմնական պայմանագիր եմ ստորագրել «Ռոմայի» հետ: Առաջին հերթին, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Արսենալին», ակումբի անձնակազմին և միլիոնավոր «զինագործներին», ովքեր ինձ աջակցել են շուրջ մեկուկես տարի:
Հատուկ շնորհակալություն Արսեն Վենգերին, որն ինձ բերեց այս ակումբ ու հավատաց իմ ուժերին: Այժմ պատրաստվում եմ նոր մարտահրավերի և Սերիա Ա-ում իմ երկրորդ տարվա արկածներին: Ես սիրում եմ Հռոմը, սիրում եմ այս ակումբը, իսկ երկրպագուներն իմ սրտում են: Ես կներդնեմ բոլոր ուժերս՝ թիմին օգնելու հարցում»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Մխիթարյանը: