Լատվիայի և Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունները արգելել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մուտքն իրենց երկրների տարածք՝ գրում է РИА Новости-ն:
Սահմանները հատելու արգելքը հաստատվել է Բելառուսի ևս 29 քաղաքացու նկատմամբ:
Լատվիայի և Էստոնիայի դիվանագիտական գերատեսչություններից հայտնել են, որ այդ անձինք «պատասխանատու են նախագահական ընտրություններում ընտրակեղծիքների և Բելառուսում խաղաղ ցուցարարների դեմ դաժանության համար»: Արգելքը տարածվում է նաև Լուկաշենկոյի վարչակազմի աշխատակիցների վրա:
Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ հանրապետություն մուտքի հնգամյա արգելքը ուժի մեջ է լինելու 2020 թվականի օգոստոսի 31-ից մինչև 2025-ը օգոստոսի 30-ը: Արտաքին գործերի նախարար Ուրմաս Ռեյնսալուն ասել է, որ այդ պատժամիջոցներով Էստոնիան ցույց է տալիս, թե որքան լուրջ է վերաբերվում Բելառուսում մարդու իրավունքների խախտումներին:
Ավելի վաղ Բելառուսի նախագահի նկատմամբ նման միջոցառումներ էր ձեռնարկել Լիտվայի արտգործնախարարությունը: