Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը օգոստոսի 31-ին ընդունել է The HALO Trust միջազգային ոչ կառավարական կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Նիկ Սմարթին, ծրագրի ղեկավարի պաշտոնում իր առաքելությունն ավարտած Ռոբերտ Սայֆրետին և Արցախում ծրագրի նորանշանակ ղեկավար Մայլզ Հոթորնին: Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից:
Ռոբերտ Սայֆրետն ԱԳ նախարար Մասիս Մայիլյանին է ներկայացրել Արցախում The HALO Trust կազմակերպության ծրագրի ղեկավարի պաշտոնում իրեն փոխարինած Մայլզ Հոթորնին և երախտագիտություն հայտնել Արցախի Հանրապետության իշխանություններին համագործակցության և կազմակերպության կողմից իրականացվող մարդասիրական ականազերծման առաքելությանն օժանդակելու համար։
The HALO Trust միջազգային ոչ կառավարական կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Նիկ Սմարթը ԱԳ նախարարին է ներկայացրել Արցախում կազմակերպության մարդասիրական ականազերծման աշխատանքների ընթացքին և ապագա ծրագրերին առնչվող մանրամասներ։
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել The HALO Trust-ի և Արցախի համապատասխան պետական կառույցների միջև հաստատված համագործակցության մակարդակի կապակցությամբ: