Հայաստանի խորհրդարանը 2020-ի մարտին հաստատել է «Տիեզերական գործունեության մասին» օրենքի նախագիծը, որով հնարավորություն է տրվում նոր որակի հասցնել բարձր տեխնոլոգիաների կիրառումը: Հայ մասնագետների մշակած ծրագրերը և ստարտափերն առաջատար դիրքեր են զբաղեցնում աշխարհի բազմաթիվ ֆորումներում: Տիեզերական տարածությունը յուրացնելու գործում Հայաստանի հարևան երկրները, սակայն, էականորեն առաջ են անցել տեղեկատվական արբանյակների առումով: 2009-ին Ադրբեջանը ձեռնամուխ եղավ ստեղծելու սեփական տեղեկատվական արբանյակը:
2013-ի փետրվարի 7-ին Իլհամ Ալիևը հայտարարեց ֆրանսիական Կուրու տիեզերակայանից ադրբեջանական առաջին արբանյակի՝ Ազերսփեյս 1-ի արձակման մասին: Երկրի ուղեծրում այն ծածկում է ամբողջ Եվրոպան, Ասիայի և Աֆրիկայի զգալի հատվածները: Արբանյակը կառավարում է ադրբեջանական Azercosmos ընկերությունը՝ մատուցելով ոչ միայն հեռուստառադիոհեռարձակման, ինտերնետի մատակարարման ծառայություններ, այլև կարևոր դեր կատարելով այդ երկրի տեղեկատվական անվտանգության գործում: Արձագանքելով ադրբեջանական ծրագրերին՝ Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը 2012-ի ապրիլին հայտարարեց, որ մենք ևս բանակցություն ենք վարում՝ տիեզերք հայկական արբանյակ արձակելու համար: Վարչապետը նույնիսկ հանդիպեց ռուս պաշտոնյաների հետ: Տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի այն ժամանակվա ղեկավարն «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում նշեց, թե իշխանությունը քաղաքական որոշում է կայացրել օգտագործել Հայաստանին պատկանող ուղեծրային երկու դիրքերը, որոնցից մեկը նախատեսված է հեռարձակումների, մյուսը` հեռահաղորդակցական նպատակների համար:
Քննարկումների և պայմանավորվածությունների արդյունքները, սակայն, հայտնի չդարձան հանրությանը:
2019-ին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, թե մեր երկիրը բանակցում է սեփական արբանյակի հարցերի շուրջ, և ինքը համոզված է՝ շուտով Հայաստանը արբանյակ կունենա տիեզերքում: 2019-ի ապրիլին նախագահ Արմեն Սարգսյանը Պորտուգալիայի իր գործընկերոջ հետ քննարկեց տիեզերք արբանյակներ արձակելու ոլորտում համագործակցության հարցերը:
Տեղեկատվական արբանյակ ունենալը մոլորակի յուրաքանչյուր պետության իրավունքն է՝ այն կիրառելու տեղեկատվության ստացման և մատակարարման համար: Հայաստանն այսօր օգտվում է հիմնականում ռուսական և եվրոպական ծառայություններից: Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարից փորձեցինք ճշտել, ի՞նչ ծրագրեր կան այսօր՝ սեփական արբանյակի տեսլականի առումով:
«Ունենալ մեկ ամբողջական արբանյակ այս պահին Հայաստանի համար նպատակահարմար չի համարվել: 100-150 մլն-ը սկզբի թիվն է, դա կարող է աճել շատ ավելի շատ: Մենք պետք է տեսնենք, դրանք արդյոք իրացվելու են, թե ոչ: Իսկ Կուպսատի մասով թույլ տվեք հետո խոսել, որովհետև որոշակի աշխատանքներ արվում են»,- «Լուրեր»-ի հարցին պատասխանեց ԲՏԱ նախարարը:
Թե երբ հայտնի կդառնան Հայաստանի աշխատանքները, և ինչ շոշափելի արդյունքներ կունենանք, նախարարը խոստանում է խոսել մի քանի ամիս անց: Այսօր հայտնի է, որ մեկ տեղեկատվական արբանյակը պատրաստելու և տիեզերք ուղարկելու համար պետությունը ծախսում է մինչև 200 մլն դոլար: Կոմերցիոն նպատակներով օգտագործելու դեպքում 5-7 տարվա ընթացքում այն հետ է բերում ծախսած գումարը:
Նաիրի Հոխիկյան