Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի աշխատակազմից առաջինը նրա ընդհանուր հարցերով օգնական Նիկոլայ Լատիշենոկը դուրս եկավ Մինսկի Անկախության պալատի պարսպի մոտ հավաքված ցուցարարներին ընդառաջ՝ հայտնում է Ռիա նովոստին:
Պաշտոնյան բացասական է պատասխանել այն հարցին, թե արդյոք իշխանությունը երկխոսություն վարելու է ընդդիմության հետ:
«Ընդդիմության հետ՝ ոչ: Դա կլինի նախաձեռնող խմբերի հետ»,- բացատրել է նա:
Ըստ Լատիշենոկի տվյալների՝ բնակչության մոտ 20-30 տոկոսն արմատապես դեմ է Լուկաշենկային: Նա խոստովանել է, որ ավելի վաղ այս ցուցանիշը ցածր էր:
Կիրակի ընդդիմությունը Մինսկում անցկացրել էր բողոքի չարտոնված մեծ ցույց: Ցուցարարները նախ հավաքվել էին Մինսկի կենտրոնում գտնվող Անկախության պողոտայում, հետո շարժվել նախագահի նստավայր: ՆԳՆ տվյալներով՝ անվտանգության ուժերը բերման են ենթարկել 140 մարդու: