Աշխարհում օգոստոսի 29-ը նշվում է որպես միջուկային փորձարկումների դեմ պայքարի միջազգային օր: Դա կարևոր խորհրդանիշ է՝ նախ և առաջ թույլ չտալու մահաբեր այդ զենքի ստեղծումը: 1949 թ. օգոստոսի 29-ին ոչ պատերազմական պայմաններում առաջին անգամ փորձարկվել է միջուկային զենքը: 1991-ի նույն օրը՝ օգոստոսի 29-ին փակվել է փորձարկումների պոլիգոնը՝ ի նշան միջուկային զենքի կիրառման դեմ պայքարի: Չնայած միջազգային համատեղ քայլերին՝ այսօր էլ կան երկրներ, որոնք բացահայտ կամ թաքուն քայլեր են կատարում՝ ստեղծելու և փորձարկելու միջուկային զենք:
75 տարի առաջ՝ 1945-ի օգոստոսի 6-ին և 9-ին, միջուկային հարձակման ենթարկվեցին Ճապոնիայի Հերոսիմա և Նագասակի քաղաքները: Միայն երկու հարվածների հետևանքով զոհվեց ավելի քան 250 հազար մարդ, միլիոնավոր մարդիկ դարձան հաշմանդամ կամ տառապեցին բազմաթիվ հիվանդություններով՝ դրանք փոխանցելով նաև իրենց հետնորդներին:
Թեև ճապոնական քաղաքների դեմ ամերիկյան հարձակումը միակն էր միջուկային զենքի կիրառման պատմության մեջ, բայց հետագա տարիներին ստեղծվեցին բազմաթիվ ռումբեր՝ որպես սպառազինության մրցավազքի ամենակարևոր գործոն: 2000 փորձարկում 75 տարում: ՄԱԿ-ի գնահատմամբ՝ սա ահռելի և խիստ վտանգավոր ցուցանիշ է Երկիր մոլորակի համար, և կարող է վտանգել ոչ միայն մարդկության, այլև հենց մոլորակի գոյությունը:
«Միջուկային զենքի արգելումը կարևոր քայլ կլինի սպառազինության մրցավազքի դեմ պայքարում և կօգնի ոչնչացնել այդ զենքն ամբողջությամբ: Միջուկային զենքի կիրառման զոհերի հիշատակը հարգելու լավագույն միջոցն այդ զենքի ոչնչացումն է: Այն չպետք է տեղ ունենա 21-րդ դարում»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:
Քաղաքակիրթ աշխարհը միջոցներ է փնտրում միջուկային զենքը ժամանակից աշխարհում բացառելու համար, մինչդեռ Թուրքիան հետևում է Պակիստանի և Հյուսիսային Կորեայի օրինակին: Այդ երկու երկրներն էլ գլխացավանք են դարձել մոլորակի երկրների համար: 2010-ից մեր հարևան Թուրքիան ձեռնամուխ է եղել Միջերկրական ծովի ափին 4800 մեգավատ հզորությամբ ատոմակայան կառուցելու գործին: Նախագիծը կյանքի կոչվելու դեպքում բացառված չէ, որ կարճ ժամանակ անց Թուրքիան ևս կունենա միջուկային զենք, մանավանդ որ այդ մասին հրապարակավ հայտարարել է այդ երկրի նախագահ Էրդողանը:
«Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան: Ընդ որում՝ դրանք մեկ հատ չեն, երկու հատ չեն: Սակայն իմ ձեռքում չպետք է միջուկային մարտագլխկով հրթիռներ լինեն. ես դա չեմ ընդունում»:
Աշխարհում այսօր 9 պետություն ունի միջուկային զենք: Հարավաֆրիկյան հանրապետությունը կամովին ոչնչացրել է իր միջուկային արսենալը, սակայն 12 երկիր դեռևս ձգտում է ստեղծել:
Նաիրի Հոխիկյան