Նոր ուսումնական տարին պաշտոնապես մեկնարկել է UWC Դիլիջանում: Այս տարի քոլեջ է ընդունվել 228 ուսանող ավելի քան 80 երկրից, ինչը երկուսով ավելի է նախորդ տարվա համեմատ:
Քոլեջի դասախոսական կազմը բաղկացած է 11 երկիր ներկայացնող 26 ուսուցչից: Աշխատողների ընդհանուր թիվն այս տարի 73 է, որից 42-ը Հայաստանից են: Բազմաթիվ ուսանողներ սովորում են UWC Դիլիջանում անհատ բարեգործների, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների առատաձեռն աջակցության շնորհիվ: Ուսանողների 30%-ը ստանում է ամբողջական կրթաթոշակ, 51%-ը սովորում է մասնակի կրթաթոշակով:
Չնայած համավարակի առաջացրած դժվարություններին՝ արդեն ավելի քան 150 ուսանող է ժամանել Դիլիջան: Ներկայումս դպրոցը մեկուսացման մեջ է: Կամպուսի տարածքը բաժանված է գոտիների, որպեսզի բացառվի ինքնամեկուսացածների շփումը մյուսների հետ: Ակնկալվում է, որ հոկտեմբերի վերջին բոլոր աշակերտներն ու ուսուցիչներն արդեն կլինեն Դիլիջանում: Մինչ այդ կկազմակերպվի հեռավար ուսուցում Գուգլ Դասարան, ՄենիջԲեք և այլ կրթական առցանց հարթակների միջոցով: