Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար կազմի հետ աշխատանքային այց է կատարել Ծառայության Շիրակի մարզային բաժին։ Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ բաժնի աշխատանքների կազմակերպմանը, գույքագրել առկա խնդիրները:
Շիրակի մարզային բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Թադևոս Վարդանյանի ուղեկցությամբ Արթիկ-Մարալիկ տարածաշրջանի բաժանմունքում շրջայց կատարելիս Ծառայության ղեկավար կազմը ծանոթացել է բաժանմունքի շենքային պայմաններին, լուծում պահանջող խնդիրներին:
Ծառայության Գյումրու բաժնում աշխատանքային խորհրդակցության ժամանակ Գլխավոր հարկադիր կատարողն առանձնահատուկ ընդգծել է Ծառայության համալիր բարեփոխումների իրականացման ճանապարհին Ծառայության առանձին գործառույթների իրականացման արդյունավետության բարձրացման պահանջը:
Սերգեյ Մեղրյանը նաև շեշտել է հատուկ ուշադրություն դարձնել քաղաքացիների համար կենսական կարևորության խնդիրներին հրատապ լուծում տալու առաջնահերթությանը, սպասարկման որակի բարձրացման ապահովմանը, որոնք Ծառայության բարեփոխման ռազմավարության առանցքային օղակներից են:
Շիրակի մարզային բաժնի պետը Գլխավոր հարկադիր կատարողին զեկուցել է բաժնի
գործունեությանն առնչվող խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող համապատասխան քայլերը, կարճված կատարողական վարույթների արխիվացման գործընթացի կազմակերպման հարցերը:
Աշխատանքային հանդիպման ավարտին տրվել են առանձին հանձնարարականներ: