Արցախի պարետատունը համավարակի պայմաններում ուսուցման գործընթացի կազմակերպման կանոնների վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ:
«Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցներում, նախակրթարաններում ու մանկապարտեզներում կենդանի ուսուցման գործընթացը կվերսկսվի ս.թ. սեպտեմբերի 14-ից՝ առկա ուսուցման ձևաչափով:
Երաժշտական, արվեստի դպրոցներում, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններում կենդանի ուսուցման գործընթացը կվերսկսվի ս.թ. սեպտեմբերի 1-ից:
Նախնական մասնագիտական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթական հաստատություններում ուսումնական գործընթացը կվերսկսվի սեպտեմբերի 14-ից՝ առկա ուսուցման ձևաչափով:
Ստեփանակերտի՝ Թ. Քամալյանի անվան բժշկական քոլեջում կրթական գործընթացը կկազմակերպվի երկհերթ ռեժիմով:
Բուհերում ուսումնական գործընթացը կկազմակերպվի հետևյալ կերպ.1-ին կուրսեցիները կհաճախեն պարապմունքներին ս.թ. սեպտեմբերի 1-ից, 2-րդ,3-րդ,4-րդ կուրսերը՝ սեպտեմբերի 7-ից:
Մագիստրատուրայի կուրսերում կրթական գործընթացի կազմակերպման ձևաչափը թողնվել է բուհերի հայեցողությանը. գործընթացը կարող է կազմակերպվել կենդանի, հեռավար կամ հիբրիդային տարբերակով:
Ուսումնական հաստատությունում սահմանվում է 6-օրյա աշխատանքային ռեժիմ՝ դասաժամի 40 րոպե տևողությամբ: Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում դասաժամի տևողության սահմանումը թողնվում է տնօրինության հայեցողությանը։
Ուսումնական գործընթացը կկազմակերպվի պարետատան պահանջներին ու ցուցմումներին համապատասխան: Բոլոր կրթական հաստատություններն ապահովված են ջերմաչափերով ու ախտահանիչ միջոցներով»: