Վանաձորում անցկացված ՀՀ կրոսավազքի առաջնությանը հաջորդեց «Ցատկորդի օր» հանրապետական միջոցառումը։ Լավ արդյունքներ ցույց տվեցին կապանցիներ, հեռացատկորդ Գոռ Բեգլարյանը (7 մ 40 սմ) և եռացատկորդ Լևոն Աղասյանը (16 մ 67 սմ)։ Կանանցից առաջինն էին համապատասխանաբար երևանցի Յանա Աբրահամյանը (5 մ 51 սմ) և կապանցի Մարիետա Մինասյանը (12 մ 24 սմ)։ Այս մասին հայտնում են ՀԱՕԿ ծառայությունից:
Հայաստանի ատլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչ Միշա Հայրապետյանը չդժգոհեց ցատկորդների ընդհանուր պատրաստականությունից։ Մասնավորապես տղամարդկանց արդյունքները համապատասխանում են եվրոպական միջին չափանիշներին։ Փորձառու մասնագետը հույս ունի , որ գրանցված ցուցանիշները, հենց կապանցի մարզիչների շնորհիվ, առաջիկա շաբաթների ընթացքում որոշ չափով կբարելավվեն։ Այդ պարագայում նշած մարզիկները, հնարավոր է նաև նրանց որոշ թիմակիցներ, մրցանակներ նվաճեն Ռումինիայում սեպտեմբերի 19-20-ին անցկացվելիք Բալկանյան երկրների առաջնությունում։
Հայաստանի երեք մարզիչների ուղեկցությամբ Ռումինիայի ասպարեզներում կմրցեն ընդհանուր թվով տասներկու վազորդներ, ցատկորդներ և նետորդներ։
Մինչ մեծահասակների ստուգատեսը, սեպտեմբերի 12-13-ին Ստամբուլում կանցկացվի Բալկանյան երկրների պատանեկան առաջնությունը։ Մասնակիցների թվում կլինեն նաև Հայաստանի վեց աթլետներ` երկու մարզիչների գլխավորությամբ։