Բեյրութի պայթյունից ժամեր հետո ԱՄՆ-ի արևմտյան ափի հայ համայնքը համախմբվեց: 24 կազմակերպություն ընդգրկող Համահայկական խորհուրդը դրամահավաք նախաձեռնեց «Հայ Էյդ» խորագրով։ Ամերիկայում ապրող հայերին հեշտ է համախմբել, եթե հայության որևէ հատված կարիքի մեջ է՝ ասում է համահայկական խորհրդի ղեկավարը․
Վիգեն Հովսեփյան, Արևմտյան Ամերիկայի Համահայկական խորհրդի ղեկավար - Ամերիկահայությունը միշտ, ամեն համազգային խնդրով՝ Արցախի գոյամարտ լինի, Լիբանանի քաղաքացիական պատերազմ, սիրիահայության օժանդակություն, Հայաստանի դեմ ադրբեջանցիների վերջին հարձակումները, ինչ հնարավոր է՝ համայնքն արել է, և դա միայն նյութական չէ։
Մինչև օգոստոսի 30-ը տևած դրամահավաքից բացի, ամերիկահայ համայնքը լիբանանահայերին աջակցեց ինչով կարող էր՝ բժշկական և առաջին անհրաժեշտության պարագաներ ուղարկելով Բեյրութ, նաև քաղաքական լծակներն օգտագործեցին ամերիկյան օգնության համար:
Վիգեն Հովսեփյան - Որոշ կազմակերպություններ՝ Հայ դատի հանձնախումբ և այլն, նաև ճնշումներ բանեցրին տեղական իշխանությունների վրա, որ նաև այլ օժանդակության ձևերով օգնություն հասցվի։
Հանուն Լիբանանի հայ համայնքի նախաձեռնած դրամահավաքի առաջին իսկ օրերին զգալի գումար հավաքվեց։ Կազմակերպիչները որոշեցին հանգանակությունը եզրափակել հեռուստամարաթոնով։ Օգոստոսի 30-ին կազմակերպված հեռուտամարաթոնը կոչվում էր «Մեկ ազգ, մեկ ապագա»:
Հեռուստամարաթոնի ընթացքում հայտնի հայ գործիչներ կոչով դիմեցին ամերիկահայերին, ցուցադրվեցին նաև Բեյրութի պայթյունից զոհվածների հարազատների հետ հարցազրույցներ, ընդհանուր գործին իրենց արվեստով մասնակցեցին բազմաթիվ երաժիշտներ։ Հանգանակությանը մասնակցեցին գործարարներ ու աշակերտներ, հոգևորականներ ու ուսուցիչներ։
Գևիկ Բաղդասարյան, ամերիկահայ գործարար - Լիբանանահայ համայնքը դարերի պատմություն ունի, իմ երեխաներն այստեղ հաճախում են հայկական դպրոց, որի հիմքերը գալիս են հենց մշակութային էպիկենտրոն համարվող լիբանանահայ համայնքից։ Եվ ինձ համար սարսափելի կլինի այդ կարևոր կենտրոնը կորցնել։ Մինչև պայթյունը հայ համայնքը արդեն իսկ այնտեղ խնդիրներ ուներ, իսկ այնտեղ տեղի ունեցած ողբերգությունն այդ կարիքն ավելի խորացրեց, և բոլորիս՝ աշխարհի հայերի պարտքն է օգնել կարիքի մեջ գտնվող մեր քույր-եղբայրներին։
Վիգեն Հովսեփյան - Արդեն իսկ այս համայնքը լուրջ փոխանցումներ է կատարել և պիտի կատարի հաջորդ ամիսներին, մինչև կարողանա լիբանանահայերի պայթյունի պատճառած խնդիրները լուծել։ Այնտեղ կան անհատական ընտանիքների կարիքները, ապրելու, դեղորայքի, սննդամթերքի և այլն, բայց նաև կան համայնքային կարիքներ, այսինքն՝ քանդված են դպրոցներ, եկեղեցիներ: Այդ ամենը Լիբանանի համայնքն առանձին երբեք չի կարող իր միջոցներով վերակառուցել, նաև մենք այդտեղ հսկա գործ ունենք անելու։
Հեռուստամարաթոնի զանգերն ու օգնել ցանկացողներն այնքան շատ էին, որ ժամանակը նախատեսված 3-ի փոխարեն տևեց 3,5 ժամ։
Մեծ ու փոքր նվիրատվությունների կողքին եղան նաև անակնկալ՝ խոշոր փոխանցումներ՝ 250 և 150 հազար դոլար։ Հավաքվեց 1, 375 555 դոլար։
«Հայ Էյդ» կոչվող դրամահավաքը պաշտոնապես ավարտվեց, սակայն համայնքը կշարունակի տարբեր միջոցներով օգնել լիբանանահայերին, քանի դեռ դրա կարիքը կա։