ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել է Վերաքննիչ դատարան, որն էլ վարույթ է ընդունել բողոքը:
«Տեղեկացնում եմ, որ որպես ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար՝ խմբակցության անունից հունիսի 22-ին դիմել էի ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ խնդրելով սահմանված ընթացակարգով «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի հաջորդ համարին տրամադրել պատգամավորական մանդատ՝ վերականգնելու համար խորհրդարանի իշխանական և ընդդիմադիր խմբակցությունների՝ սահմանադրական օրենքով նախատեսված հարաբերակցությունը։
Հանձնաժողովը հուլիսի 08-ին որոշմամբ մերժել է վերոնշյալ դիմումը՝ եզրափակիչ մասում նշելով, որ իր որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան։
Ստանալով վերոնշյալ մերժումը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այն սահմանված կարգով և ժամկետում բողոքարկել է վարչական դատարան։
Դատարանը հուլիսի 22-ին մերժել է հայցադիմումի ընդունումը՝ պատճառաբանելով, որ ԱԺ խմբակցությունը վարչական դատարան դիմող սուբյեկտ չի կարող համարվել։
Վարչական դատարանի նշված որոշումը հուլիսի 31-ին մեր կողմից բողոքարկվել է վերաքննության կարգով։
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանն օգոստոսի 20-ին վարույթ է ընդունել մեր կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը։
Գործի հետագա ընթացքի մասին կտեղեկացնենք համապատասխան ակտերն ստանալուց հետո»,- տեղեկացրել է Մարուքյանը։
Հիշեցնենք՝ 2019 թ. սեպտեմբերին Արման Բաբաջանյանը հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից դուրս գալու մասին: Այս տարվա հունիսին խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել էր ԿԸՀ` վերականգնելու համար խմբակցության մեկ մանդատը: