Կովկասի բնության հիմնադրամը (CNF) ավելի քան 6 միլիոն դրամ հավելյալ գումար է հատկացրել «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ին՝ մինչև տարեվերջ կառույցի աշխատակազմի աշխատավարձերի բարձրացման նպատակով:
CNF-ը, շարունակելով աջակցությունը Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին, որպես օժանդակության հիմնական թիրախ ուշադրության կենտրոնում է պահում նաև պահպանվող տարածքների աշխատակազմերի աշխատանքային պայմանների բարելավումը, այդ թվում` աշխատավարձերի բարձրացումը, ինչն, ըստ էության, արժանապատիվ աշխատանքով զբաղվածության և աշխատանքային գործունեության արդյունավետ իրականացման մոտիվացիա է:
Վերջին տարիներին, Շրջակա միջավայրի նախարարության և CNF-ի արդյունավետ համագործակցության շնորհիվ, ԲՀՊՏ-ների աշխատակիցներին տրված աշխատավարձերի աճման դինամիկան ակնհայտ է. դրանք գրեթե կրկնապատկվել են: Սա հիմնադրամի համար սկզբունքային և էական նշանակություն ունեցող մոտեցում է պահպանվող տարածքների արդյունավետ պահպանության իրականացման գործում:
Հիշեցնենք, որ հուլիսին Հայաստանի կառավարության և Կովկասի բնության հիմնադրամի միջև աննախադեպ դրամաշնորհի պայմանագիր էր ստորագրվել, որով ՀՀ կառավարությանը տրամադրվել է ևս կես միլիոն եվրո բյուջետային աջակցություն, ինչն ուղղվել է «Դիլիջան» ազգային պարկ, «Արփի լիճ» ազգային պարկ, «Խոսրովի անտառ» պետական արգելոց և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսավորմանը: