Սյունիքի մարզի Ծղուկ, Անգեղակոթ համայնքներ վարչապետը խոստացել էր այցելել դեռևս փետրվարին՝ քարոզարշավի ժամանակ: Կորոնավիրուսով պայմանավորված՝ ժամանակից ուշ, բայց հանդիպումը կայացավ: Բնակիչների խնդիրները քիչ չեն: Ծղուկի անասնապահությունը տարեկան 30-40 տոկոս աճ է գրանցում, բայց արոտավայրերն են հեռու: Եթե տարին էլ երաշտ լինի, խոտի հարցն է լրջանում:
5400 հեկտար արոտավայր ունեն, բայց հեռու է: Մոտակա ևս 1000 հեկտարն էլ տրված է վարձակալության: Հիմա անբարեխիղճ վարձակալներից մեկի հարկերից խուսափելու գործը դատարանում է: Գյուղացիները դժգոհ են նաև սպանդանոցային մորթից: Ասում են, որ սպանդանոցներն իրենցից միսն էժան են գնում՝ մեկ կիլոգրամի դիմաց առաջարկելով 2300 դրամ, մինչդեռ կիլոգրամի ինքնարժեքը 2900 դրամ է: Կաթը նույնպես էժան են մթերում:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - Մենք ձեր բարձրացրած հարցերը գույքագրեցինք: Այս պահին ես չունեմ այդ հարցերի պատասխանները, որ ասեմ` այսպես կամ այնպես կանենք:
Այցի եվս մեկ խոստացված գյուղ Անգեղակոթն է: Բնակիչներն այստեղ նախ ունեցել են վեց կիլոմետր ճանապարհի նորոգման խնդիր: Հիմա առաջարկում են այն հասցնել 14 կիլոմետրի: Մարզում չորս գյուղ ճանապարհաշինության կարիք ունի: Անգեղակոթն ունի նաև ոռոգման խնդիր: Խմելու ջրի հարցը և գյուղի լուսավորությունը լուծել են սուբվենցիոն ծրագրով: Վարչապետը խոստացավ ևս մեկ անգամ այցելել Սյունիքի գյուղեր, այս անգամ` շինարարական նախագծեր քննարկելու: