Ֆեյսբուք սոցիալական ցանցի մի օգտատեր իր էջում տեղեկատվություն էր տարածել, թե Շողակաթ համայնքի Դրախտիկ գյուղի 1-ին փողոց 83/3 հասցեում՝ Սևանա լճի ափին գտնվող նորակառույցում շինարարություն է իրականացվում՝ Ֆեյսբուքի իր էջում գրել է շրջակա միջավայրի նախարարի խոսնակ Դավիթ Գրիգորյանը:
Տեղեկացնում ենք, որ 2020 թվականի օգոստոսի 26-ին՝ շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի և Սևանի մասնաճյուղի աշխատակիցներն արձանագրել են, որ սույն շինարարությունն իրականացվել է ազգային պարկի ենթակա տարածքում՝ առանց բնապահպանական փորձաքննության։
Թեև տարածքի վարձակալն ունեցել է համայնքի կողմից տրամադրված շինարարության թույլտվություն, սակայն հաշվի առնելով պարտադիր բնապահպանական փորձաքննության անցկացման անհրաժեշտությունը՝ «Սևան» ազգային պարկը» համապատասխան ծանուցմամբ տեղեկացրել է շինության սեփականատիրոջն առկա անհամապատասխանության մասին։
ՇՄԱԳ փորձաքննության ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝ ԲՀՊՏ-ներում իրականացվող ցանկացած գործունեություն ենթակա է ՇՄԱԳ փորձաքննության։ Ելնելով վերոգրյալից՝ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի ցուցումով, օրենքով սահմանված կարգով շինարարությունն անհապաղ դադարեցվել է։
Այս պահին վերոհիշյալ հասցեում որևէ աշխատանք չի իրականացվում։
Համապատասխան արձանագրությունը կցված է հրապարակմանը։