«Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու պարգևների հանձնման արարողության ընթացքում նշվեց, որ կոչումները շնորհվում են Արցախի պետականության կայացման գործում ունեցած բացառիկ ծառայության, լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության համար, նաև Արցախի Հանրապետության հռչակման 29-րդ տարեդարձի կապակցությամբ:
«Ինձ համար՝ որպես ԱՀ նախագահի, դեռևս ապրիլի 14-ին՝ նախագահական ընտրությունների օրը, քվեարկության գնալուց առաջ այցելեցի Արցախյան ազգային-ազատագրական շարժման մարտիկ, քաղաքական ու պետական գործիչ, Լեռնային Ղարաբաղի Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմին և, որպես յուրօրինակ երդում, խոստացա ընտրվելու դեպքում անել առավելագույնը նրա կիսատ թողած գործը շարունակելու համար և նրա վեհ գաղափարները կյանքի կոչելու, նրա և մեր բոլորիս երազած հայրենիքը կերտելու համար: Դա երդում էր ինչպես Արթուր Մկրտչյանի, այնպես էլ հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած մեր բոլոր քաջորդիների առջև»,-ասաց ԱՀ նախագահը՝ նշելով, որ պարգևատրումը խորհրդանշական է նաև այն իմաստով, որ իր մեջ յուրահատուկ կերպով ամփոփում է Հայրենիք՝ Արցախ - Հայաստան - Սփյուռք անխախտ ու ամուր կապը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ շատ հուզիչ ու կարևոր միջոցառում է, որի ամենակարևոր խորհուրդն այն է, որ պատմությունը չենք մոռանում, իսկ ապագան ճիշտ կառուցելու համար պետք է ճիշտ գնահատել անցյալը:
«Կարծում եմ՝ այսօրվա միջոցառումը ձայնակցում և ներդաշնակեցվում է երեկ Սարդարապատում տեղի ունեցած միջոցառման հետ»,- ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ պետք է գնահատել անցյալի, նոր ու նորագույն պատմության արժեքները:
«Սա նոր սիմվոլ է, նոր ճանապարհ է, նոր ընկալում, բայց որը փառաբանում, արժևորում է անցյալի մեր հերոսներին: Ես համոզված եմ, որ այսօր մարտի գնացող և սխրանքներ կատարող մեր տղաները, մեր զինվորները, մեր սպաները, գեներալները իրենց աչքի առաջ ունեն անցյալի հերոսներին: Սա մի ամբողջական գործ է, մի ամբողջական անելիք, և մենք այս գործը պետք է անենք միասին»,- ասաց վարչապետը:
Արցախյան պատերազմի ժամանակ կապի համակարգի արդիականացման, առաջնագծում զինծառայողների անվտանգ ծառայության գործում ունեցած ներդրման, ինչպես նաև ռազմարդյունաբերության բնագավառում ունեցած ծառայությունների համար և Արցախի Հանրապետության հռչակման 29-րդ տարեդարձի կապակցությամբ պահեստազորի ենթասպա Վահրամ Թամրազյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով:
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար և Արցախի Հանրապետության հռչակման 29-րդ տարեդարձի կապակցությամբ Հովսեփ Հովսեփյանը նույնպես պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով: