Սահմանապահ Այգեպարում վնասված տների վերականգնման, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգման, ասֆալտապատման աշխատանքները լայն թափով են ընթանում: Գյուղի վերականգնվող փողոցներից մեկը, որտեղ 25 տան տանիք է հիմնանորոգվում,կատակով Այգեպարի հյուսիսային պողոտա են կոչում: Եվ այսպես, հայացք սահմանից, տարածաշրջանային խնդիրները քննարկվել են «Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության համաժողովին:
Սահմանամերձ Այգեպար չհասած հենց այս վայրում էլ անցկացվեց համաժողովը: Հակառակորդից ընդամենը մի քանի կիլոմետր հեռու փորձագետները հայացք սահմանից խորագրի ներքո քննարկեցին տարածաշրջանային խնդիրներ: Սահմանամերձ գյուղերում նման քննարկում անցկացնելու գաղափարն առաջացել էր տավուշյան մարտերի օրերին:
Մեկ ամիս առաջ այստեղ մթնոլորտն այլ էր: Այժմ առավել ամրացած՝ ապագայի քննարկումներ են: Առաջիկայում սահման պահող բոլոր համայանքապետներն ու նախարարները կհանդիպեն գործարար համայնքի հետ: Պատգամավոր Արման Բաբաջանյանը վստահեցում է՝ իր հիմնած նախաձեռնությունը ջանք չի խնայելու այստեղի խնդիրները լուծելու համար:
Մինչև համաժողովի մասնակիցներն ուղիներ են փնտրում առավել բարելավելու գյուղացիների կյանքը, այգեպարցիները վստահեցնում են՝ հուլիսյան դեպքերից հետո կյանքն այստեղ էլ առաջվանը չէ: Կրակոցների ձայնին սովոր, բայց դրանց բացակայությունը փափագող բնակիչներին ուրախացնում և ոգևորում է տեղի շինարարական աղմուկը: Այգեպարում հրետակոծված տներից մի քանիսն արդեն ամբողջությամբ վերականգնված են, մյուսներում ակտիվ աշխատանքները շարունակվում են: