Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը այսօր հրավիրած ասուլիսի ընթացքում ներկայացրել է իրականացրած տնտեսագիտական վերլուծության արդյունքները, որի համաձայն՝ 2020 թ. առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են դեպի Բելառուս և Ղազախստան Հայաստանի արտահանման ծավալները:
«Նույնիսկ ընդհանուր ցուցանիշների անկման պայմաններում ԵԱՏՄ-ում մեր տնտեսական արտահանման և ներկրման ցուցանիշները լավատեսություն են ներշնչում: Աճել է մեր արտահանումը թե՛ Բելառուս, թե՛ Ղազախստան, դեպի Ռուսաստան երեք տարվա աճից հետո այս տարի մենք ունենք արտահանման անկում, բայց ունենք ներկրման էական ավելացում՝ 18%-ով, ներկրման ծավալների ավելացում ունենք նաև Բելառուսից: Ներկրման ծավալների որոշակի անկում կա Ղազախստանից, բայց ուսումնասիրելով վերջին 3 տարիների արտահանման և ներկրման ցուցանիշները՝ հնարավոր է ակնկալել, որ 2-րդ կիսամյակում կլինի 2-5% արտահանման աճ»,- նշել է Սաֆարյանը:
Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգողը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունն արտահանման ծավալների ավելացման կարիք ունի:
«Այն պայմաններում, երբ մեր երկիրը 3 անգամ ավելի շատ ներկրում ունի, քան արտահանում, շատ կարևոր է արտահանման ծավալների մեծացումը, գյուղատնտեսական և արդյունաբերական աճի ծավալների մեծացումը՝ արտահանմանը միտված լինելով: Միայն արտահանման պայմաններում է հնարավոր բարելավել ՀՆԱ-ի և արտահանման հարաբերակցությունը և Հայաստանը դարձնել արտահանող երկիր, տնտեսական ավելի առողջ և ամուր կառուցվածքով:
Եթե ԵԱՏՄ-ում մեր անդամակցության առաջին տարում արտահանման մեջ բացարձակ գերակշռում էին ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքները, ապա հիմա մեր արտահանման ծավալներն ավելի դիվերսիֆիկացված են: Մեծացել են և՛ գյուղմթերքների, և՛ վերամշակվող արտադրանքի ծավալները»,- նշել է Սաֆարյանը: