Կորոնավիրուսի առաջացրած տնտեսական ճգնաժամը, աղետ լինելուց բացի, կարող է Հայաստանի տնտեսությունն ավելի դինամիկ զարգացնելու շանս հանդիսանալ՝ կարծում է Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, տնտեսագիտության պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը: Այսօր հրավիրած ասուլիսի ընթացքում տնտեսագետը ներկայացրել է 2020 թ. առաջին կիսամյակում տնտեսության արձանագրած ցուցանիշները:
«Միջազգային Fitch Ratings ռեյտինգային գործակալությունը Հայաստանի երկարաժամկետ ռեյտինգների կանխատեսումը «կայուն»-ից «բացասական» է դարձրել: Այս պայմաններում պահպանել տնտեսական կայունությունը, նույնպես լուրջ ձեռքբերում կլինի: Մենք հույս ունենք, որ համավարակը, որը դիտվում է որպես «կորոնատնտեսական ճգնաժամ», աղետ լինելուց բացի, կարող է ՀՀ-ի համար լավ շանս հանդիսանալ ավելի դինամիկ զարգացնելու իր տնտեսությունը, եթե մեզ հաջողվի տարանջատել բացասական ազդեցությունները, որ գալիս են համավարակից, ներքին տնտեսական խնդիրներից»,- նշել է Մանասերյանը:
Տնտեսագետը նշել է, որ չնայած այս տարվա առաջին կիսամյակի տնտեսական ցուցանիշների մեծ մասը բացասական է, Եվրասիական տնտեսական միության առանձին երկրների հետ ապրանքաշրջանառության մեջ Հայաստանը պահպանում է բավական շոշափելի ծավալներ, որը կարելի է Հայաստանի համար ձեռքբերում համարել:
Թաթուլ Մանասերյանը նշել է, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով տնտեսության տարբեր ոլորտների վրա դրված սահմանափակումները հանվելուց հետո ծառայության և որոշ այլ ոլորտներում Հայաստանը կունենա որոշակի տնտեսական աշխուժություն: