Գերագույն դատարան՝ Աահմանադրականի և Վճռաբեկի փոխարեն: Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն անցած շաբաթ 8 կողմ, 7 դեմ քվեարկությամբ հավանություն էր տվել երկու դատարանները միավորելու, փոխարենը` Գերագույն դատարան ստեղծելու գաղափարին:
Արմեն Մազմանյան, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ - Այս դատարանների, ըստ էության, գործառույթների որևէ վերացում չի ենթադրվում:
Հարցը միայն երկու կառույցների միավորման մասին է: Հանձնաժողովն այս փոփոխությամբ կլուծի սահմանադրական արդարադատության ապակենտրոնացման հարցը։ Միևնույն ժամանակ, ըստ Արմեն Մազմանյանի, դատարանը կօժտվի քննադատական մտածողությամբ: Խոսքն ընդհանուր իրավասության դատարանի մասին է, որն ավելի կմոտենա սահմանադրությանը:
Արմեն Մազմանյան, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ - Յուրաքանչյուր դատարան իր վարույթում քննվող գործի շրջանակում հնարավորություն կունենա օրենքը հակասահմանադրական ճանաչելու, սահմանադրությանը հակասող ճանաչելու:
Նախատեսվում են նաև նոր մոտեցումներ: Օրինակ, եթե Վերաքննիչում օրենքը ճանաչվի հակասահմանադրական, ուժի մեջ չի մտնի, կուղարկվի Գերագույն: Ինչ խնդիրներ է լուծվելու կառուցվածքային փոփոխություններով: Լևոն Գևորգյանի դիտարկմամբ, Սահմանադրական դատարանի որոշումները կատարման ցածր ցուցիչ ունեն: Մինչ այժմ Սահմանադրական դատարանը կտրված է եղել դատական համակարգի բուրգից, զրկված է եղել այն իրավական լծակներից, որոնցով կկարողանար պարտադրել իր իսկ որոշումների կատարումը: Բացի այդ, կան օրինակներ, որոնք պարզ ցույց են տալիս՝ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները նույն նորմը մեկնաբանում են իրարամերժ:
Լևոն Գևորգյան, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ - Մենք այսօր գործ ունենք այնպիսի դատական համակարգի հետ, որն իր մոտեցումներով ֆորմալիստական է, բազմաթիվ են օրինակները, երբ Վճռաբեկ դատարանները, ֆորմալիստական նկատառումներից ելնելով, չեն ընդունել Վճռաբեկ բողոքներ, դրանք սահմանադրական դատարանի կողմից ճանաչվել են հակասահմանադրական:
Անահիտ Մանասյանը դեմ է ոչ թե առաջարկվող մոդելին, այլ հայեցակարգային հիմնադրույթներին: Ըստ իրավաբանի, դեռ չի հաջողվել յուրացնել և իրացնել Հայաստանում հաստատված արդարադատության մոդելը: Ո՞րն է երաշխիքը, որ հնարավոր կլինի կիրառել նոր ձևաչափը:
Անահիտ Մանասյան, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ - Հիմնական առանձնահատկությունը կայանում է նրանում, որ վերջնական պաշտոնական մեկնաբանությունը տալիս է Սահմանադրական դատարանը, այս պայմաններում փորձում եմ հասկանալ այն տարբերությունը, որը գոյություն ունի այս լուծումների շրջանակում և տարբերությունը չեմ կարողանում տեսանելի համարել:
Բարձրագույն դատական խորհրդից Վիգեն Քոչարյանը մտահոգություն ունի երկու դատարանների միավորման շուրջ: Նրա դիտարկմամբ` Գերագույն դատարանին օժտելով բոլոր լիազորություններով՝ կստեղծվի դատական իշխանության գերկենտրոնացում:
Վիգեն Քոչարյան, Բարձրագույն դատական խորհրդի գիտնական-անդամ - Այստեղ լուրջ վտանգ է, որ կարող է ստեղծվել մի խումբ մարդկանց, որ կոչվում է բարձրագույն դատարան, որն իր ձեռքում կկենտրոնացնի օրենսդրության մեկնաբանման, սահմանադրության բոլոր գործառույթները:
Քանի դեռ հայեցակարգի նախագիծը քննարկման փուլում է, Արաքս Մելքոնյանը ձեռնպահ է մնում կարծիք հայտնելուց:
Արաքս Մելքոնյան, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ տնօրեն - Հարցը, կարծում եմ, պետք է նախնական հանրային քննարկումների ենթարկվեր, նոր միայն հանձնաժողովի կողմից քննարկվեր փակ և քվեարկվեր:
Արմեն Մազմանյանի պնդմամբ, փոփոխությամբ կդրվի նոր սերնդի դատական համակարգի հիմք ՝ նոր գործիքակազմով: Հանձնաժողովը նախատեսում է հոկտեմբերի վերջին ունենալ փոփոխությունների նախնական հայեցակարգ, հանրաքվեի դրվող նախագիծն էլ պետք է պատրաստ լինի 2021-ի ամռանը։