Արցախի Քարվաճառ քաղաքում ավարտին է մոտենում Սիդնեյ թաղամասի շինարարությունը: Ավստրալահայության միջոցներով կառուցվող տներն արագ հավաքվող են: Այս փուլով նախատեսվել է 3 և 4 սենյականոց 15 բնակելի կառուցել:
Հրայր Ասրյան (Արցախի Շահումյանի շրջանի ճարտարապետ) - Որակական առումով, չէի ասի՝ առավել են կամ պակաս են, զուտ արագության հետ կապված առավելություն ունեն:
Թաղամասի տարածքը կբարեկարգվի Արցախի կառավարության ֆինանսավորմամբ: Բնակելիները կշահագործվեն հաջորդ տարի, այստեղ ընտանիքով կհաստատվեն մասնագետ վերաբնակիչները: Արցախի Շահումյանի շրջանի ղեկավարն ասում է՝ ցանկացողները շատ են:
Հայկ Պետրոսյան (Արցախի Շահումյանի շրջվարչակազմի ղեկավար) - Առհասարակ, բնակելի տուն չունենք ազատ, որ կարողանանք տրամադրել վերաբնակչին: Ծրագիրը մեզ շատ կօգնի:
Հարմարեցված պայմաններում շրջանի բնակիչներն արդեն մի քանի տարի է` աշխատում են: Հաջորդ տարի Քարվաճառի հիվանդանոցը նոր շենք ու ժամանակակից սարքավորումներ կունենա:
Կարեն Սարգսյան (Արցախի Շահումյանի շրջանային բուժմիավորման տնօրեն) - Արդյունքում ունենալու ենք վիրաբուժական բաժանմունք, վերակենդանացման բաժանմունք, նոր ծնարան, նոր ստոմատոլոգիական բաժանմունք, թերապևտիկ բաժանմունք և մանկական բաժանմունք:
Նոր շենքի կառուցումից հետո կնորոգվի գործող մասնաշենքը: Ծրագիրն իրականացվում է Արցախի կառավարության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի համաֆինանսավորմամբ:
Կարեն Սարգսյան (Արցախի Շահումյանի շրջանային բուժմիավորման տնօրեն) - Անհամբեր սպասում ենք, թե երբ կավարտեն շինարարությունը, որ նոր պայմաններում ավելի լավ աշխատենք:
Քարվաճառում ամենասպասված ծրագրից բոլորը կօգտվեն: Պետական միջոցներով կասֆալտապատվի քաղաքը Վարդենիս-Մարտակերտ մայրուղուն կապող17,5 կիլոմետրանոց ճանապարհը:
Արարատ Հովհաննիսյան (շինարար) - Հողային աշխատանքներն ավարտել ենք, խճապատման աշխատանքներն ավարտել ենք: Սեպտեմբերի 5-ին, 6-ին արդեն կսկսենք ասֆալտապատման աշխատանքները:
Քարաթափումից խուսափելու համար ճանապարհաշինարարները կշրջանցեն վտանգավոր հատվածը: