Այսուհետ Արցախի Հանրապետության հսկիչ անցագրային կետերում առողջապահության նախարարության աշխատակիցները թեստավորման պահանջի լիարժեք կատարման հետ կապված ուժեղացված ստուգումներ են իրականացնելու: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբը։
«Առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանին համապատասխան ցուցումը տվել է ԱՀ պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը: Արցախի Հանրապետության տարածք մուտք գործող բոլոր այն անձանցից, ովքեր պետք է ներկայացնեն իրենց վերաբերյալ երեք օրից ոչ ավելի վաղեմության պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) թեստի պատասխանը, կպահանջվի թեստի պատասխանի թղթային տարբերակը:
Սահմանային անցակետում հերթապահող առողջապահության նախարարության անձնակազմը պետք է լիարժեք հետազոտությամբ հավաստիանա դրանց իրական լինելու (այս կամ այն եղանակով կեղծված չլինելու) մեջ։ Թեստի պատասխանի իսկության մեջ կասկածներ առաջանալու դեպքում` գրությամբ կհայտնվի Արցախի Հանրապետության ոստիկանությանը՝ համապատասխան ստուգումներ իրականացնելու և հիմքերի առկայության դեպքում քրեաիրավական գնահատական տալու համար»,- ասված է հաղորդագրության մեջ: