Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից փլուզված շենքի մոտ օգոստոսի 27-ից հերթապահություն են իրականացնում ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության խումբը՝ տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից:
Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ի առավոտյան ժամը 07:18-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։
Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում ժամը 08։20-ի սահմաններում փլատակներից դուրս են բերվել երկու տուժած քաղաքացիներ, որոնք հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր․ տուժած Սվետլանա Ս․-ի (ծնված 1949 թ․) առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության, իսկ տուժած Էդգար Մ․-ինը (ծնված 1979 թ․)՝ ծայրահեղ ծանր։
Ժամը 13։01-ին՝ մոտ հինգ ժամ շարունակվող որոնողափրկարարական աշխատանքներից հետո, փրկարարներին հաջողվել էր փլատակներից դուրս բերել Արթուր Ղ․-ի (ծնված 1962 թ․) դին։
Այսօր՝ օգոստոսի 29-ին, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրից տեղեկություն է ստացվել, որ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող Էդգար Մ․-ն (ծնված 1979 թ․) մահացել է։ Այդպիսով, պայթյունի հետևանքով արձանագրվել են երկու զոհ և մեկ տուժած: