Օգոստոսի 28-ին Երևանի Էրեբունի և Կենտրոն վարչական շրջաններում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ՃՈ ծառայողների հետ համատեղ իրականացրել են վերահսկողություն: Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրման համակարգում խախտումներ չեն հայտնաբերվել։
Կանոնավոր երթուղիներում ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում կրկին արձանագրվել են գերբեռնված փոխադրման դեպքեր։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մայրաքաղաքի սննդի շղթայի կազմակերպություններում խնդիրներ չի հայտնաբերել. ստուգայցերի թիրախում են եղել Կենտրոն վարչական շրջանի ռեստորաններն ու սրճարանները:
Մարզերից երեքի հանրային սննդի և իրացման ցանցի օբյեկտներից մի քանիսում, սակայն, խախտումներ արձանագրվել են. խախտված են եղել ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյանները ճշգրտորեն լրացնելու պահանջները:
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի մշտադիտարկում իրականացնող խումբը կրկնայցեր է կատարել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում: Էական խախտումներ չեն արձանագրվել:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատակիցները կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման միջոցառումների շրջանակում իրականացվող հերթական մշտադիտարկումն անցկացրել են մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի կանաչ գոտիներում, պատմամշակութային կոթողների հարակից տարածքներում։
Լայնածավալ դիտարկումների ընթացքում հայտնաբերված խախտումների բնույթը նույնն է. չի պահպանվել անձանց միջև սոցիալական հեռավորություն, գրանցվել են դիմակը ոչ ճիշտ կրելու, նաև չկրելու դեպքեր։
Տեսչական մարմինների ստուգայցերը կշարունակվեն: