Սարդարապատում ընթանում է զինծառայողների պարգևատրման արարողությունը:
Առաջինը ելույթ ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«ԱՀ մեծարգո նախագահ, Վահափառ տեր, ՀՀ ԱԺ մեծարգո նախագահ, Անվտանգության խորհրդի հարգելի անդամներ, Կառավարության հարգելի անդամներ, պարոնայք գեներալներ, ենթասպաներ, սերժանտներ, զինվորներ, սիրելի հայրենակիցներ:
Սարդարադապի հուշահամալիրում, որը օսմանյան բանակի նկատմամբ հայ ժողովրդի տարած փառապանձ հաղթանակի խորհրդանիշն է, այսօր հավաքվել ենք բացառիկ առիթով:
ՀՀ պատմության մեջ առաջին անգամ ԶՈՒ միանգամից 55 գործող զինծառայողներ պարգևատրվել են «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, 16 զինծառայող՝ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:
Իրադարձությունը բացառիկ է նրանով, որ պարգևատրվողներից 24-ը այստեղ ներկա են, և շքանշանները անձամբ նրանց հանձնելու պատիվն եմ վայելելու, իսկ մյուս պարգևատրվածները անձամբ ներկա չեն՝ նրանք այս պահին էլ իրականացնում են ՀՀ-ն ու անվտանգությունը պաշտպանելու իրենց ծառայությունը:
Բայց այս բացառիկ իրավիճակի կարևորագույն դրվագը դեռ առջևում է: Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ԶՈՒ գործող զինծառայողն արժանանում է Հայաստանի ազգային հերոսի կոչման:
Քիչ անց այստեղ՝ մեր ժողովրդի հաղթական գոյապայքարը խորհրդանշող այս վայրում, Ազգային հերոսի կոչումը հավաստող Հայրենիքի շքանշանը կհանձնեմ Հայոց բանակի կապիտան Ռուբեն Սանամյանին, իսկ վաղը նա սովորականի նման իր ծառայությունը կշարունակի իր զորամասում:
Հենց սա է այսօրվա իրադարձության ամենակարևոր առանձնահատկությունը: Մեր պատմության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիրների մեծ մասը պարգևատրվել է հետմահու, ԶՈՒ հետ առնչություն ունեցող մեր բոլոր ազգային հերոսները պարգևատրվել են հետմահու, և պատմության մեջ առաջին անգամ է, որ ՀՀ ազգային հերոս զինվորականը, սպան իր շքանշանը ստանալու է անձամբ»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ այս իրադարձությունը վկայությունն է այն բանի, որ մեր aզատամարտի հերոսների գործը կենդանի է, այն ոչ միայն պատմություն է, այլև այսօրվա և վաղվա չընդհատվող իիրադարձություն: