Շախմատի Հայաստանի հավաքականը, ի նշան բողոքի, բոյկոտել է Հնդկաստանի հետ երկրորդ մրցախաղն
օնլայն Օլիմպիադայի 1/4 եզրափակչում: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
«Հայաստանի հավաքականի մրցակիցն էր Հնդկաստանի ընտրանին: 2,5:2,5 հաշվի ժամանակ մրցաշարի հարթակ հանդիսացող Chess.com կայքում առաջացավ տեխնիկական խնդիր, որի պատճառով Հայկ Մարտիրոսյանի կատարված քայլը չգրանցվեց և նրան գրանցվեց պարտություն: Նշենք, որ դիրքը, որի ընթացքում սպառվեց նրա ժամանակը, ամբողջովին հավասար էր և ավարտվելու էր ոչ-ոքի:
Հայաստանի շախմատի ֆեդերացիան պաշտոնապես բողոքարկեց որոշումը, սակայն, շուրջ երկու ժամ տևած քննարկումից հետո, ՖԻԴԵ-ն մերժեց բողոքը, որի արդյունքում Հայաստանի հավաքականն առաջին մրցախաղում պարտվեց: Նշենք, որ ֆեդերացիայի տեխնիկական մասնագետները ապացուցեցին, որ Հայաստանի հավաքականի մոտ մրցախաղի ամբողջ ընթացքում եղել է ինտերնետ հասանելիություն, Հայկ Մարտիրոսյանը միացված է եղել Zoom տեսազանգին և, եթե խնդիրը լիներ ինտերնետի բացակայությունը մեր կողմում, ապա նա չէր գտնվի նաև Zoom տեսազանգի տիրույթում:
Մեր տեխնիկական մասնագետները նշեցին նաև, որ ֆեդերացիան ունի երկու ինտերնետ կապի հասանելիության գիծ և, եթե մեկ գիծը խափանվում է, անմիջապես միանում է մյուսը, և այդ դեպքում փոխվում է IP հասցեն: Chess.com կայքը հաստատեց, որ IP հասցեի փոփոխություն չի եղել, Հայկ Մարտիրոսյանը միշտ ունեցել է համացանցի հասանելիություն, սակայն, իրենց համար անհասկանալի պատճառով, նրա քայլերը չեն գրանցվել: Մեր փաստարկներին չներկայացնելով որևէ իրական հակափաստարկ՝ ՖԻԴԵ-ն մերժեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի բողոքը:
Հայաստանի հավաքականի անդամներն այն համոզմանն էին, որ կայացված որոշումն ակնհայտ անարդար է, և նման պայմաններում մեր թիմը չի կարող շարունակել հետագա մասնակցությունը մրցաշարին: Թիմը որոշեց բոյկոտել Հնդկաստանի հետ 2-րդ մրցախաղը: Հայաստանի շախմատի ֆեդերացիան մրցաշարի հարթակ հանդիսացող chess.com կայքից պահանջել է կայքի ծանրաբեռնվածության հետ կապված որոշակի տվյալներ, սակայն մինչ այժմ պատասխան չի ստացել»,- գրված է հայտարարությունում: